Սուրեն Սահակյանի կողմից ներկայացված անհիմն դատողությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՄԻ

ՀՀ ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել․

 

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Սուրեն Սահակյանի կողմից Պաշտպանի հաստատության գործունեության վերաբերյալ ներկայացված հրապարակման վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

2023 թվականի օգոստոսի 16-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին է զանգահարել քաղաքացի Սուրեն Սահակյանը և տեղեկացրել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պուրակի տարածքում ցանկանում է վրան տեղադրել՝ մինչև 100 մասնակից ունեցող քննարկում և հավաք իրականացնելու նպատակով, սակայն ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արգելում են վրանը տեղադրել:

Բարձրացված հարցի կապակցությամբ Պաշտպանի ներկայացուցչին Ոստիկանությունից պարզաբանում է ներկայացվել այն մասին, որ վրանը չի թույլատրվում տեղադրել նշված վայրում՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով:

Ավելի ուշ, Պաշտպանի աշխատակազմ լրացուցիչ տեղեկություն է ստացվել այն մասին, որ Մաշտոցի պուրակի տարածքից վարչական ձերբակալման է ենթարկվել երեք քաղաքացի, այդ թվում՝ Ս. Սահակյանը: Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման շրջանակներում իրականացվել է անհետաձգելի այց ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին:

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, խնդիրները քննարկվել են ոստիկանության ներկայացուցիչների հետ: Այցի արդյունքներն ամփոփվել են և հավաքի մասնակիցներին Ոստիկանության ծառայողների կողմից վրանի տեղադրելն արգելելու, վարչական ձերբակալման ենթարկելու իրավաչափության հարցի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ ներքին գործերի նախարարություն։ Հարցի առնչությամբ դեռևս չի ստացվել պետական մարմնի գրավոր պատասխանը (Պաշտպանի գրության վերաբերյալ պետական մարմինների համար օրենքով սահմանված է պատասխան տրամադրելու 30 օրյա ժամկետ)։

Արագ արձագանքման այցի վերբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել համապատասխան հրապարակմամբ, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.ombuds.am/am/site/ViewNews/2654

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է, որ բողոքն ուսումնասիրելիս կամ քննարկելիս, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ քննարկում իրականացնելիս Պաշտպանը պարտավոր է հնարավորություն տալ այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, կազմակերպությանը կամ դրանց այն պաշտոնատար անձին կամ ներկայացուցչին, որոնց որոշումը կամ գործողությունը (անգործությունը) բողոքարկվում է, պարզաբանումներ տալ բողոքի և կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորել իր դիրքորոշումը: Ուստի, հավաքի մասնակիցների կողմից վրանների տեղադրման, նրանց վարչական ձերբակալման հարցի վերաբերյալ ՆԳՆ-ից պատասխան գրությամբ պարզաբանումներ ներկայացված չլինելու պայմաններում Պաշտպանն իրավասու չէ կայացնելու նույն սահմանադրական օրենքով սահմանված որոշումներից որևէ մեկը։

Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ տվյալ հարցի քննարկման ընթացակարգը Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է, իրականացվում է խնդրի առնչությամբ համակողմանի ուսումնասիրություն, ինչի առնչությամբ օրենքով սահմանված կարգով կներկայացվի Պաշտպանի դիրքորոշումը։

Suren Sahakyan-ի ֆեյսբուքյան էջի գրառման շրջանակներում նշվել է նաև, թե իբրև վերջինս զանգահարել է Պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին, սակայն հեռախոսը ավիացիոն ռեժիմի վրա է դրված եղել: Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարները (աշխատանքային ժամերին անվճար 116, իսկ ոչ աշխատանքային ժամերին 096 116 100) գործում են 24/7 ռեժիմով: Թեժ գիծ հեռախոսահամարին պարբերաբար ստացվում են տարաբնույթ հարցերի վերաբերյալ ահազանգեր, այդ թվում՝ գիշերային ժամերին: Բացառություն չի կազմել նաև 2023 թվականի սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը, որի ընթացքում թեժ գծի հեռախոսահամարին ստացվել են տարբեր հարցերի վերաբերյալ զանգեր։ Այդ ժամանակահատվածում թեժ գիծ հեռախոսահամարին կատարված հեռախոսազանգերի ուսումնասիրությունը վկայում է, որ 096 116 100 թեժ գծի հեռախոսահամարը եղել է հասանելի, քանի որ այդ ընթացքում գրանցվել են այլ զանգեր։

Ուստի, Suren Sahakyan օգտատիրոջ կողմից ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության վերաբերյալ ներկայացված անհիմն դատողությունները չեն համապատասխանում իրականությանը և փորձում են ստվերել կառույցի հեղինակությունը։

ՄԻՊ աշխատակազմն ապահովում է Պաշտպանի` Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը: Ավելին, աշխատակազմի կարողությունների զարգացումը կրում է անընդհատ բնույթ և այդ առնչությամբ բարեփոխումներն այժմ էլ ընթացիկ փուլում են։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.