Անիտա Մակյանը դարձել է Եվրոպական ամառային երրորդ խաղերի բրոնզե մեդալակիր

Հայաստանի թիմը երկրորդ մեդալն է նվաճել Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերում: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

 

«Կարատե մարզաձևի -68կգ քաշային կարգում Անիտա Մակյանը, հաղթելով իսպանացի Մարիա Նիետոյին և ուկրաինացի Էլինա Մելնիկին, դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, 0-4 հաշվով զիջել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Ելենա Նորինային ու բրոնզե մեդալ նվաճել:

 

Կարատեի մրցումներն անցկացվել են լեհական Բելսկո-Բիալա քաղաքում: Հայ մարզուհին մրցավայր է մեկնել ՀԿԱՖ նախագահ Վազգեն Հարությունյանի և անձնական մարզիչ Արման Մակյանի գլխավորությամբ:

 

Այսօր ավելի վաղ Եվրոպական խաղերում վստահ հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտիկ, Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը: Նա 1/16 եզրափակչում 5-0 հաշվով առավելության է հասել չեխ Վլադիմիր Տրակալինկատմամբ՝ մենամարտի ընթացքում երկու անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին: 1/8 եզրափակիչում Բազեյանի մրցակիցը կլինի Բուլղարիան ներկայացնող Խավիեր Իբանյեսը:

Երեկոյան մրցահերթում իր մենամարտը հաղթանակով է ավարտել նաև 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը՝ 3-2 հաշվով առավելության հասնելով իսրայելցի բռնցքամարտիկի նկատմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.