Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերում կկառուցվի ևս 23 կրթական հաստատություն

Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերում ևս կկառուցվի 23 կրթական հաստատություն, որն իրագործելու համար Կառավարությունն ավելի քան 224 միլիոն դրամ հատկացրեց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

 

«Ընդհանուր առմամբ, գումար կհատկացվի 23 հաստատության համար, որոնցից 9-ը կրթահամալիր են և 14-ը՝ դպրոց։ Ընդ որում, խնայելով ժամանակային և ֆինանսական ռեսուրսները՝ որոշվել է նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք բերել առկա նախագծերի տեղակապման միջոցով (բացառությամբ մեկ դպրոցի, որի համար անհրաժեշտ է անհատական նախագիծ)»,- ասաց Անդրեասյանը։

 

ԿԳՄՍ նախարարը հիշեցրեց, որ վերջին շրջանում չորս որոշում է կայացվել 130 հաստատությունների մասով, որտեղ կսովորեն շուրջ 40 հազար աշակերտ։

 

«Առաջիկայում կներկայացնենք նմանատիպ նախագծեր Լոռու և Շիրակի մարզերի, ինչպես նաև Երևանի համար՝ ամբողջ հանրապետությունը ծածկելով»,- եզրափակեց Անդրեասյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.