Պահանջ՝ «Առաջին ալիքի» տնօրենի և գլխավոր պրոդյուսերի հրաժարականը. մշակույթի գործիչներն անդրադարձել են Սուպեր Սաքոյի՝ Կոմիտասի վերաբերյալ հայտարարությանը

Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման շրջանակում երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոյի հնչեցրած ձևակերպումը հեռահար բանավեճի է վերածվել: Սուպեր Սաքոն, խոսելով «մուղամի» մասին, նշել է, թե այն միայն հարևան երկրներինը չէ։ «Բայց ո՞վ ասեց, որ էդ իրանց երաժշտությունն ա: Մուղամը մերն էլ ա եղել: Կոմիտասը եկել և մաքրել ա, որովհետև, երբ հայկական երաժշտությունը մատուցել ա Եվրոպային, նրանք չեն հասկացել այդ «ծռած» նոտաները, իրանց տհաճ ա թվացել, իսկ ինքը` հայ երգը տարածելու համար, հետ ա եկել ու ջնջել էդ նոտաները։ Ես գիտեմ էդ պատմությունը։ Պարզապես տարածելու համար նա ջնջել ա էդ նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն ա եղել»,- ասել է նա:
 
 
Նրա այս հայտարարությանը արձագանքել են մի շարք գործիչներ: Հայտնի դերասան Տիգրան Ներսիսյանը գրել է. «Հանրային հեռուստաընկերության «լակոտնյա» ղեկավար անձնակազմը, գլխավոր պրոդյուսեր-մրոդյուսերներով ՝ իրենց կեղտոտ, ապականիչ ու քանդիչ գործունեությունը հաջող կերպով շարունակում են։ Սաքոն մեղավոր չէ, իրենից հարցազրույց վերցնողը ու Հանրայինով եթեր հեռարձակողն է մեղավոր։ Գեղցի, լակոտնյա, մի մեծ նեխած կղանքով բոչկա գտեք ու գլուխներդ մտցրեք մեջը, որ շնչելու և արտաշնչելու միջավայրը համահունչ լինի ձեր էությանը»։
 

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը գրել  է. 

«Ոչ թե բանի տեղ չդնել, անտեսել, արհամարհել, այլ շարունակել քարկոծել, անարգանքի սյունին գամել և հանրային պարսավանքի ենթարկել մեր ազգային արժանապատվությունը ոտնահարող, հայ մշակույթի հենասյան, մեր Սրբության Սրբոց Կոմիտասի գործունեությունը կասկածի տակ դնող ոմն «երգասացի» և հանրային տիրույթում նրան ասպարեզ տրամադրող բոլոր պատասխանատուներին…»:

 
Դաշնակահար Կարեն Մամիկոնյանը ևս արձագանքել է Հանրային հեռուստատեսության եթերով հեռարձակված Սուպեր Սաքոյի հարցազրույցին. «Դու էդ պատմությունը գիտե՞ս։ Կարո՞ղ է Թաթուլի, Սպիտակցու ու ձեր նմանների հետ մի դասարանում եք սովորել։ Իսկ իմ պատմությունը գիտե՞ս ձեր նմանների վերաբերյալ։ Մի օր կպատմեմ, բայց դուրներդ չի գա, վստահ եմ։ Ես երբեք չեմ մեղադրում տգետ մարդկանց։ Տգիտությունը  յուրահատուկ տաղանդ է ու էդ մարդիկ ոնց ծնվում են, այդպես էլ մահանում՝ անհետանալով պատմության նկուղներում։ Ես մեղադրում եմ տգիտությունը տարածողներին, պրոպագանդողներին ու էդ տգիտության մեջ սեփական շահեր հետապնդողներին։
 
1․ Դիմում եմ իմ հարազատ, ծանոթ, բարեկամ և առհասարակ ազգային մշակույթ կրող ու տարածող արվեստագետներին ու առհասարակ երաժիշտներին։ Ձեայն հանեք  ու թող ձեզ տեսնելուց նման տգետները ամաչեն։
 
2 - Առաջին ալիք , պահանջում եմ ձեր տնօրենի և գլխավոր պրոդյուսերի, հանձինս Տիգրան Վիրաբյանի հրաժարականը ու այն մարդկանց, ովքեր թողել են այդ ամենը ազգային եթեր։ հ․գ «Դու սուպեր չես, դու regular էլ չես»։
 
 
Սուպեր Սաքոյի հայտարարությանն արձագանքել է նաև դերասան Դավիթ Աֆրիկյանը։ «Վատ այն է, որ ազգիս 90%-ը այ նման տգետ, անմշակույթ, անկիրթ, անգրագետ է մտածում։ Բա էլ ինչու՞ եք բողոքում. հիմա  շուտով ձեր սիրած ազգի հետ մուղամ կերգեք: Թե բա` զուտ զալ է լցրել Կոմիտասը»,- գրել է Դավիթ Աֆրիկյանը։
 
 
Դերասան, երգահան Ռիչարդ Մադլենյանը վերոնշյալի կապակցությանմբ պահանջում է «Առաջին ալիքից»՝ ներողություն խնդրել ժողովրդից: «Երկու տխմար նստած Հ1 - ի եթերում`Կոմիտաս են վերլուծում ……Առաջին տխմարը` իր մատուցած այլանդակ և դատարկ երաժշտությանը բնորոշ` ասում է, որ մուղամը մերն է, և որ Կոմիտասն այն մաքրագրել է, որպեսզի օտարների համար ընկալելի լինի... Երկրորդ տխմարը, որի ապակե ակնոցների ետևում նույնքան դատարկ աչքերն են՝ առաջին տխմարի մեկնաբանությունից հիացած` անկանոն համաձայնության նշաններ է ցույց տալիս` էյֆորիկ դեմքի արտահայտությամբ….. ու այս ամենը Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում ….. Ես չէի անդրադառնա այս դատարկագլուխներին, եթե այս հաղորդումը չհեռարձակվեր Հ1-ի եթերում։ Ամոթ քեզ, Հ1 …..Պահանջում ենք ներողություն խնդրել հայ ժողովրդից` նրա հանճարին այս մակարդակի վրա անդրադառնալու համար»։
 
 
Երգչուհի Աննա Խաչատրյանը, անդրադառնալով Սուպեր Սաքոյի հայտարարությանը, գրել է. «Ասել, որ ես պապանձվել եմ այս մարդու արձագանքից՝ ոչինչ չասել... լավ, ո՞նց կարելի է խոսել պրոֆեսորի տոնով մի բանի մասին, ինչի մասին նույնիսկ տարրական գիտելիք չունես... թե բա՝ նոտաները ջնջել ա...իսկ դու նոտա գիտե՞ս... Չէ, լուրջ, այդպես ջնջե՞լ է.. է բա բռավո...չնայած՝ ինչ եմ զարմանում... Серьезное лицо- это еще не признак ума, господа. Все глупости на земле делаются именно с этим выражением лица, улыбайтесь, господа. Ու կան «պրիդուռոկներ», ովքեր լուրջ են ընդունել այս մարդու զառանցանքը... ու սա երգարվեստի ներկայացուցիչ է»:
 
 
Օպերային երգիչ Ակսել Դավեյանն էլ պահանջում է «Առաջին ալիքից» Կոմիտաս Վարդապետի անունը պախարակող «չհաղորդումը» հեռացնել յութուբյան ալիքից: ««Առաջին ալիք», պահանջում եմ ներողություն խնդրել հանրությունից Կոմիտաս Վարդապետի անունը պախարակող չհաղորդումը եթեր հեռարձակելու համար և այն հեռացնել յութուբյան ձեր ալիքից»։
Մեկնաբանություններ