Քաղաքական թիմը պիտի իր հիմքերն ունենա. եթե պիտի դուրս գան, բոլորը պիտի դուրս գան, եթե դուրս չեն գալիս՝ ոչ մեկն էլ պիտի դուրս չգա. Գալուստ Սահակյանը՝ մանդատը դրած պատգամավորների մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի երբեմնի «մաեստրոն»՝ ԱԺ նախկին նախագահ, կարկառուն ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը, Ֆեյսբուքում այս օրերին ակտիվ գրառումներ է կատարում։ Դրանք իրեն բնորոշ ոճով են՝ միչ քիչ փիլիսոփայական, մի քիչ՝ անհասկանալի, մի քիչ էլ՝ խորիմաստ ու ենթատեքստերով։ Օրինակ՝ երեկ կեսօրին Գալուստ Գրիգորիչը գրել էր․ «Քաղաքական ուժը պետք է արմատներ ունենա, այդ դեպքում՝ վատ մարդիկ չկան, կան վատ հարաբերություններ»։ Իսկ մի երկու ժամ հետո մեկ այլ՝ էլ ավելի փիլիսոփայական միտք արտահայտեց․ «Գալու եմ նորից, թե կուզես նորից»: Տակը մեկը գրել էր․ «Բարով եք գալու, Գրիգորիչ ջան», մեկ ուրիշն էլ փորձել էր սեւակյան ոճով «ուղղել» Գրիգորիչին՝ նկատելով․ «Նորից չեն գալիս, գալիս են կրկին...»։ Գրիգորիչը, սակայն, պնդել էր, թե ինքը նորից է գալու։ Մենք խնդրեցինք Գալուստ Սահակյանին՝ մի քիչ բացել փակագծերը, թե ում են ուղղված իր գրառումները, ինչ ենթատեքստ կա դրանց տակ։ «Ես շատ պարզ բաներ եմ գրել ու էդպես մեծ բացատրությունների կարիք էլ չունեմ։ Ես ընդամենը մշակում եմ քաղաքական կյանքը հանրապետությունում։ Դա է, ուրիշ բան չկա դրա մեջ»,- ասաց Գրիգորիչը։

 

- Իսկ Դո՞ւք եք գրում, Ձեր գրառումների հեղինակն անձամբ Դո՞ւք եք։ 

 

- Ո՞նց, մտածում եք՝ հանկարծ ինչ-որ մարդիկ պիտի լինեն, որ իմ փոխարեն բա՞ն գրեն։ Նման խնդիր գոյություն չունի։ Քաղաքական կյանքի վերաբերյալ է, գրում եմ, որ քաղաքական ուժը պիտի կենսագրություն ունենա։ Օրինակ՝ էսօր քաղաքական ուժերից կենսագրություն ունեն, որ դասական կենսագրություն է, դա Դաշնակցությունն ու Հանրապետականն է։ Մնացածները, որպես քաղաքական գործիչ, կայացած չեն։ Նրանք պարզապես մասնակցում են խորհրդարանական ընտրություններին, գրում են իրենց ծրագիրը եւ էդպես մասնակցում են խորհրդարանական ընտրություններին։ Ինչի՞ պիտի քաղաքական ուժը ծրագիր ունենա։ Ես կարող եմ ասել՝ ես ոնց եմ քաղաքական գործիչ դարձել եւ ում միջոցով, ինչպես։ Էդպես անտեղի տեղը, օդում, էստեղ-էնտեղ խոսալով քաղաքական գործիչ չես դառնում, դու պարզապես մասնակցում ես ընտրարշավին, որը կա՛մ դրական բան է տալիս, կա՛մ բացասական։ 

 

- Հիմա «Հայրենիք» կուսակցությունը եւ դրա առաջնորդ Արթուր Վանեցյանը, որի հետ ՀՀԿ-ն դաշինք էր կազմել, Ձեր ասածն իրենց է՞լ  է վերաբերում, որ կենսագրություն չունեն։ 

- Ես, ճիշտն ասած, որեւէ մեկին նկատի չեմ ունենում իմ ասածների մեջ: Նրանք, ովքեր կտեսնեն, որ ես ճշմարտությունն եմ ասում, կգնան էդ ուղղությամբ, կամ եթե չեն տեսնի, կգնան իրենց ուղղությամբ։ Այսինքն՝ ես մարդկանց որեւիցե բան չեմ ասում։ 

- Իսկ ի՞նչ էր նշանակում Ձեր վերջին գրառումը՝ «Գալու եմ նորից, թե կուզես նորից»։

- Դա «կրկին»-ը չի, դա «կրկին»-ը չի կարող լինել, որովհետեւ դա սիրո բանաստեղծություն չէ։ Գալու եմ նորից, նորից եմ գալու, այսինքն՝ միշտ քաղաքականության մեջ եմ ու քաղաքականության մեջ էլ մնալու եմ։ 

- Դուք տեսաք, որ «Պատիվ ունեմ» դաշինքը, որի մաս էր կազմում նաեւ ՀՀԿ-ն, փլուզվեց՝ Վանեցյանը դրեց մանդատն ու դուրս եկավ, Իշխան Զաքարյանն ու Թագուհի Թովմասյանն անհասկանալի ճանապարհով գնացին, «Հայաստան» դաշինքում էլ խմորումներ կան։ Այս ամենը, ըստ Ձեզ, ինչի՞ հետեւանք է։

- Ես իմ տեսակետը կարող եմ ասել, որ եթե թիմը քաղաքական թիմ է, յուրաքանչյուրն իրավունք չունի բաց թողնել իր քաղաքական թիմը եւ ասի՝ ես մնում եմ կամ չեմ մնում, որովհետեւ նրանք միասին պայքարել են եւ եկել են խորհրդարան՝ որեւիցե գործ կատարելու։ Եթե պիտի դուրս գան, բոլորը պիտի դուրս գան, եթե դուրս չեն գալիս՝ ոչ մեկն էլ պիտի դուրս չգա։ Այսինքն՝ դա նշանակում է, որ քաղաքական թիմը պիտի իր հիմքերն ունենա, նրանցից ամեն մեկը պիտի ասի՝ իրենք ոնց քաղաքական ներկայացուցիչ դարձան, ով էին էն մարդիկ, որոնք հնարավորություն ստեղծեցին, որ դու զբաղվես քաղաքականությամբ։

- Հիմա «Պատիվ ունեմ» խմբակցության անդամների համար ովքե՞ր են հնարավորություն ստեղծել, որ զբաղվեն քաղաքականությամբ։

- Իմիջիայլոց, ես ոչ մեկի մասին որեւէ արժեքավորում տալու որեւիցե ոչ թե հնարավորություն չունեմ, այլ իմ խնդիրը դրա մեջ չի, իմը քաղաքական կուլտուրան է։

- Ձեր որդու հետ կապված՝ իրավապահներն ապօրինի գույքի բռնագանձման գործընթաց են սկսել, համարում են, որ օրինական միջոցներով չէր կարող հարստանալ, այդքան գույք ձեռք բերել։ Դուք սրա մասով ի՞նչ կարող եք ասել։ 

- Ես կարծում եմ՝ էդ գործն արդեն ավարտված է, եւ էդտեղ որեւէ կանխորոշիչ բան ասել հիմա հնարավոր էլ չի։ Դա էլ ասեմ, որ ես եւ իմ որդիները երբեք ապօրինի գույք չենք ունեցել եւ չենք էլ ունենալու։

- Ընդդիմությունն այսօր պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասում է՝ մինչեւ քոքը պիտի մաշեցնենք իշխանությանը, նիկոլենք էլ ասում են՝ իրենք են ընդդիմության քոքը մաշեցնում։ Հիմա այս ամենն ինչպե՞ս է ավարտվելու, Դուք ի՞նչ կանխատեսում ունեք։ 

- Իրենց ամբողջ թիմն այսօրվա դրությամբ, փաստորեն, ժողովրդի կողմից, մարդկանց կողմից տարբեր որակավորումներ են ստացել, ամենասարսափելիից մինչեւ ամենապրիմիտիվ։ Ես էդ խնդիրների մեջ, իհարկե, կկարողանամ մտնել, բայց էդ խնդիրներն իմ խնդիրները չեն։ Ես ընդամենը խոսում եմ քաղաքական կուլտուրայի մասին, որը պիտի ամբողջանա Հայաստանի Հանրապետությունում։

- Իսկ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու շանսեր կա՞ն, նա կհեռանա՞ մոտ ապագայում։

- Ես չեմ կարծում, որ ինքը ինքնուրույն, ինչ-որ մի բան կլինի, եւ կթողնի-կհեռանա։ Երեկ էլ կարդացինք, որ Ադրբեջանն էլ է խառնվել 2018 թվականին։ Դրանք իմ խնդիրները չեն, իմ խնդիրն ընդամենը քաղաքական կուլտուրան է։ 

- Այդ քաղաքական կուլտուրան, ըստ Ձեզ, հիմա ճիշտ հունով չի՞ ընթանում։

- Իհարկե, ճիշտ հունով չի, էդ մասին էլ ես իմ խոսքն ասում եմ»։

Մաանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.