Ո՞վ է ում առաջնորդում Անդրկովկասում՝ Ալիևն Էրդողանին, թե՞ հակառակը. Թուրքիա-Ադրբեջան ռազմաքաղաքական դաշինքի ռիսկերի ֆոնին՝ ՌԴ-ն Անդրկովկասում արտաքին քաղաքականության նոր մոդել է կառուցում. Regnum

Կովկասագետ, քաղաքական մենաբան և Regnum գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է նախօրեին Բաքվի վերահսկողությանն անցած Զանգելանի շրջանում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը:

Ըստ քաղաքագետի՝ այս անգամ Էրդողանի այցն առնչվում է երկու երկրի նախագահների՝ այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի Հորադիզ-Միջնավան-Աղբենդ և Ահմեթբեյլի-Վարանդա-Շուշի ավտոճանապարհների հիմնարկեքը գցելու ցանկության, ինչպես նաև Վարանդայում օդանավակայանի բացման արարողության հետ:

Տարասովը հավելում է, որ մի շարք փորձագետների կարծիքով՝ այս այցի պատճառներն այլ են. բանն այն է, որ ելույթ ունենալով «Վալդայ» քննարկումների ակումբում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «ակնարկել է» որոշակի գործընթացի մասին, որն անցնում է Մոսկվա-Անկարա-Բաքու-Երևան փոխհարաբերությունների գծով:

«Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհարաբերությունների մասին՝ Պուտինն ասել է հետևյալը. «Ամենակարևորն այս պահին սահմանին իրավիճակի վերջնական կարգավորումն է: Այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության անհնար է ինչ-որ բան անել: Այստեղ մեզ ոչ ոք պետք չէ երկու կողմից և Ռուսաստանից բացի»: Ակնհայտ է, որ այս արտահայտությունը, որն ընկալվում է որպես քննարկման մասին ակնարկ, որը կարող է տեղի ունենալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև և հուշում է, որ սահմանազատման գործընթացը կարելի է գլուխ բերել նաև առանց Թուրքիայի մասնակցության»,- նկատում է հեղինակը:

Մոսկվայի երկրորդ սկզբունքային դիրքորոշումն, ըստ փորձագետի, այն է, որ երկիրը չի բացառում համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի բազմակողմանի ձևաչափի շրջանակում: «Դա դիվանագիտական ժեստ չէ, քանի որ անհասկանալի է, թե ինչպես կորոշվի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամնների հարցի լուծման պարագայում: Ի՞նչ դեր է հատկացվելու այդ գործում ԵԱՀԿ ՄԽ-ին, որը վերսկսել է իր գործունեությունը և խաղաղության առաջարկների ինչ-որ նոր փաթեթ է պատրաստում: Արդյո՞ք այդ գործընթացը կհամատեղվի սահմանազատման գործընթացի հետ: Հատկապես, որ Մինսկի խմբի համանախագահները պաշտոնական մակարդակում չեն հանել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն իրենց օրակարգից»,- նկատում է Տարասովը:

«Սկզբունքորեն, երեք դիրքորոշումն էլ հնարավոր կլիներ միավորել միասնական «փաթեթային համաձայնագրում»: Սակայն այստեղ ևս ինտրիգ կա: Հայրցն այն է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Անկարան և Երևանը սկսել են ազդակներ փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հնարավոր վերականգնման մասին»,- գրում է փորձագետը՝ մեջբերելով Էրդողանի՝ երեկ արած հայտարարությունը. «Ադրբեջանի նկատմամբ անկեղծ կամք դրսևորելու պայմաններում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում այլևս որևէ խոչընդոտ չի լինի, շատ կարևոր է, որ սահմանները հստակեցվեն և փոխադարձ ճանաչվեն»: 

Ըստ Տարասովի՝ դա նշանակում է, որ Ալիևն Էրդողանին զրկել է Անդրկովկասում քաղաքականապես ինքնուրույն  մանրևելու հնարավորությունից: Միևնույն ժամանակ փորձագետը մատնանշում է, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների «կարգավորման հարցում որպես միջնորդ է հանդես գալիս Վրաստանը՝ այդ գործընթացից դուրս թողնելով Բաքվին»:

«Ստացվում է, որ Ալիևն ու Էրդողանը հանդիպման ընթացքում քննարկելու շատ բան են ունեցել: Չէ՞ որ Հայաստանի հետ հարաբերություններ ձևավորելու փորձերն առանց Ռուսաստանի մասնակցության իրենց մոտ չեն ստացվում: Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա հնարավոր համարելով Թուրքիա-Ադրբեջան ռազմաքաղաքական դաշինքից եկող հավանական ռիսկերը՝ ՌԴ-ն Անդրկովկասում իր արտաքին քաղաքականության նոր մոդել է կառուցում: Դրա գլխավոր իմաստը երկրորդական հարցերում զիջումներ անելն է, սակայն ոչ մի հետ քայլ այնտեղ, որտեղ Ռուսաստանի համար իսկապես կարևոր է: Ինչ կլինի հետգայում, մոտ ապագայում կհասկանանք Մոսկվայի, Անկարայի, Բաքվի և Երևանի վարքից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.