Հեռավոր Սյունիքում նախկինները փոխարինվում են «նոր նախկիններով»

Դեռևս նախորդ տարի մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անտեսելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի այն սկզբունքը, ըստ որի՝ պատգամավորն իրավունք չունի և չի կարող զբաղվել բիզնեսով, պատերազմի թեժ օրերին զբաղված է եղել իր բարեկամ Բագրատ Հակոբյանի անվամբ հայրենի Սյունիքում՝ Կապան քաղաքում, տեխզննման կայան կառուցելով։ Խաչատրյանը թերևս կարծել էր, որ բոլորի ուշադրությունը սևեռված է հայրենիքի պաշտպանության պատասխանատու ոգործին, և ոչ ոք ոչինչ չի նկատի: Կորչե՛ր պատերազմը. կարևորը սեփական փորն էր։ Այդ հրապարակումից հետո նախկինների օրոք բարձր պաշտոն զբաղեցրած, ապա ճամբարափոխ եղած ու ՔՊ-ական դարձած Խաչատրյանն անմիջապես դադարեցրել էր ապօրինի շինարարությունը և տևական ժամանակ ոչինչ չէր անում, որպեսզի աղմուկը դադարի: Մենք տեղեկություն ենք ստացել, որ նա ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ, նախընտրական պրոցեսից օգտվելով, մեծ թափով վերսկսել է շինարարությունը: Ի դեպ, շինարարությունը կատարվում է ապօրինի՝ առանց որևէ շինթույլտվության և շինարարական նորմերի մեծ խախտումներով: Համեմատության համար ընդգծենք, որ մի շարք քաղաքացիներ նույնպես փորձել են օգտվել նախընտրական այդ օրերի թոհուբոհից, սակայն օրենքն արդարացիորեն նրանց հանդեպ եղել է անողոք, և ապօրինի շինությունները քանդվել են։ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի դեպքում, մինչդեռ, օրենքը նույն անողոքությամբ չի գործել, ավելին՝ ընդհանրապես չի գործել և չի էլ գործում: Հատկանշական է, որ Խաչատրյանը լինելով նախկին ռեժիմի ներկայացուցիչ՝ քաջատեղյակ է բիզնեսն ապօրինի ստեղծելու զարտուղի սխեմաներին։ Փաստորեն, նա անտեսելով երկրի վարչապետի հորդորը, որ պետք է վերջ տալ նախկին արատավոր բարքերին, նույն սխեմաներով՝ բարեկամի անվան տակ, օգտագործելով իշխանական լծակները, ապօրինի կերպով կառուցում է իր նոր բիզնեսը: Ընդ որում՝ շեշտենք, որ տեխզննման կայան կառուցելու և սարքավորումներ ձեռք բերելու համար անհրաժեշտ են հարյուր հազարավոր դոլարներ, ինչը, բնական է, որ պետական պաշտոնյայի աշխատավարձով Խաչատրյանն ունենալ, պարզապես, չէր կարող։ Այսքանից հետևություն. ԱԺ արտահերթ ընտրություններում թիմին «արջի ծառայություն» մատուցած Արմեն Խաչատրյանը կա՛մ ստացել է իշխանական «դաբրոն», կա՛մ էլ, վստահ լինելով իր անպատժելիությանը, շարունակում է շրջանցել օրենքը և կառուցում ապօրինի նոր բիզնեսը: Եվ վերջում. իրենց շարքերում արմենխաչատրյաններ հանդուրժող իշխանություններին մեկ հարց՝ արդյոք սա՞ է ձեր խոստացած «օրենքի երկիր» նոր Հայաստանը և արդյոք «պողպատե մանդատը» թու՞յլ է տալիս Արմեն Խաչատրյանին խուսափել ամենաարդար մուրճից։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.