Եղվարդի բնակիչը փորձել է հրկիզել ընդհանուր 17.3 մլն դրամ արժողության զինվորական հանդերձանքը․ նրան մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժինը:

Քննությամբ պարզվել է, որ Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորությամբ, վառելանյութի օգտագործմամբ, հրկիզման եղանակով  փորձել է ոչնչացնել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի հասնող՝ ընդհանուր 17.375.000 ՀՀ դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում  հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ բռնկված հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել:

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Եղվարդ քաղաքի 30-ամյա  բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.