Ես երբեք դրա համար չեմ դիմել, բայց ունեմ սփյուռքի օգնության կարիքը. Կարո Փայլանը` իրեն անձեռնմխելիությունից զրկելու Էրդողանի հրամանի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրամանով երկրի դատախազությունը սկսել է Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանին անձեռնմխելությունից զրկելու գործընթաց: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց պատգամավորը:

 

«Թուրքիայի նախագահի հրամանով մեր կուսակցության դեմ որոշակի գործողություններ են սկսվել: Իմ ընկերներից մի քանիսը, դժբախտաբար, բանտարկված են, հիմա էլ ցանկանում են յոթ պատգամավորների դատապարտել, այդ իսկ պատճառով զրկում են անձեռնմխելիությունից»,- ասաց նա:

 Անկարայի գլխավոր դատախազը սեպտեմբերի 25-ին հայտնել է, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» 7 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսել, ովքեր Քոբանիում իրադարձությունների ժամանակ եղել են ԺԴԿ կուսակցության գործադիր խորհրդի անդամ։

 

Հայտնի է, որ այդ ցուցակի մեջ են ընդգրկվել են պատգամավորներ Կարո Փայլանը,  Սարուհան Օլուչը, Մերալ Դանիշ Բեշտաշը, Հուդա Կայան, Սեզայ Թեմելլին և Սերպիլ Քեմալբայը։

Կարո Փայլանի խոսքով` մյուս շաբաթ Թուրքիայի խորհրդարանը սկսելու է աշխատանքները, որի ժամանակ էլ կքննարկվի իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցը: «Ցավոք սրտի, խորհրդարանը վերահսկվում է Էրդողանի կողմից, և եթե նա հրամայել է դա անել, ուրեմն մենք կզրկվենք մեր անձեռնմխելիությունից»,- ասաց նա:

Պոսլահայ պատգամավորը նշեց, որ շատերն են Թուրքիայում պայքարում Էրդողանի դեմ, նրանք բոլորը միջազգային հանդուրժողականության կարիք ունեն: «Ես գիտեմ, որ ամբողջ աշխարհի միլիոնավոր հայեր աջակցում են ինձ: Իհարկե, ես ունեմ նրանց օգնության կարիքը, և մենք իսկապես միջազգային հանդուրժողականության կարիք ունենք` Էրդողանի ռեժիմի դեմ պայքարելու համար»,- ասաց նա:

Կարո Փայլանը նշեց, որ ինքը երբեք որևէ կազմակերպության չի դիմել, որ իրեն աջակցեն, բայց ամբողջ աշխարհի մարդիկ, այնուամենայնիվ, աջակցում են իրեն և իր կուսակցությանը:

«Բոլոր դեմոկրատները, բոլոր դեմոկրատական իստիտուտները հակված են մեզ օգնելու: Իհարկե, մենք դրա կարիքն ունենք: Ես երբեք չեմ դիմում օգնության համար, բայց պատրաստ եմ աջակցելու ժողովրդավարական պայքարին և շնորհակալ լինելու այդ պայքարին միացողներին»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.