«Հիվանդը ասում է՝ գիտե՞ս, բժշկուհի, ինձ թվում է, որ ես վատանալու եմ ու կմեռնեմ, ես հույսս քեզ վրա եմ դնում». Գ. Մելքոնյան

 

Գայանե Մելքոնյանը մասնագիտությամբ թոքաբան է, բժշկուհին իր գործընկերների հետ միացել է COVID-19 մահաբեր վիրուսի դեմ պայքարին։ Մելքոնյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմել է համավարակի դեմ պայքարի, աշխատանքի ընթացքում իր զգացողությունների մասին։

«Ես հրավեր ստացա «Սուրբ Աստվածամայր»-ի Քովիդ բաժանմունքում աշխատելու համար, բաժանմունքին բժիշկ էր պետք, և ես չէի կարող չգնալ։

Հիվանդների քանակը նույնն է, ուղղակի շարժն է քչացել։ Մի ժամանակ դրսում հիվանդները շատ էին, հիմա հիվանդը լիարժեք բուժվում է, նոր դուրս գրվում։ Ամիսներ անցան, և՛ մարդիկ, և՛ բուժաշխատողները ավելի իրազեկվեցին, և դա մեզ օգնեց։

 
 

Հենց սկզբում թե՛ բժշկական առումով են սխալներ եղել, թե՛ իրազեկվածության հետ կապված։ Հիմա ավելի պատրաստված են, և ամեն ինչ ավելի կանոնակարգված է»,- ասում է Գայանե Մելքոնյանը։

Ըստ նրա՝ մարդիկ սթափվեցին այն պահին, երբ մարդիկ մեկը մյուսին պատմեցին և իրենց սեփական մաշկի վրա զգացին:

«Համավարակի պայքարում թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական տեսանկյունից դժվար էր: Ամենաթույլ և հարվածի տակ գտնվողները բժիշկներն էին։ Այն, ինչ զգաց կամ տեսավ բժիշկը, պետք է հիվանդներ ունենայիր, որ այդ նույն ապրումներն ունենայիր։

Միայն այն չէ, որ դու ամիսներով տանջվել ես։ Տեսել ես մարդկանց պայքարը մահի ու կյանքի եզրին, բոլորի հետ ապրել ես, կիսել բոլորի ապրումները։ Չգիտեմ՝ հետո ինչպես ենք կարողանալու հոգեբանորեն հաղթահարել այդ ամենը»:

«Հիշում եմ՝ մտնում էի բաժանմունք՝ ծանր հիվանդներ, խնդիրներ և այլն, ու եթե շատ հիվանդներ ես տեսնում, թվում է, թե աշխարհի վերջն է, և քո հարազատներն էլ կհիվանդանան, ու ոչինչ անել հնարավոր չէ։

Ինձ թվում էր՝ ամեն ինչ վերջացած է, բայց 15 օր մեկուսացումից հետո, երբ աշխատանքային հյուրանոց դուրս եկա, տեսա, որ կյանք կա, մարդիկ ապրում են»,- պատմում է բժիշկը։

Մելքոնյանն ասում է՝ բարկանում էր, որ տեսնում էր՝ մարդիկ դիմակով չեն և չեն հավատում համավարակին. «Վիրավորական էր, որովհետև դու ամեն ինչ թողել ես ու պայքարում ես, ամեն ինչ անում ես, որ լավ լինի»։

Նրա խոսքերով՝ ամենադժվարն այն է, երբ հիվանդի վիճակի մեջ անսպասելի բացասական զարգացումներ են լինում։

«Երբ տուբերկուլյոզը կամ թոքաբորբն էի բուժում, ես հիվանդին լիարժեք խոստանում էի, որ նրան կբուժեմ, և հոգեբանական աջակցությունն առաջին օրից տալիս էի, ես ինքս սուտասան չեմ և գիտեի, որ կարող եմ դա անել։

Իսկ հիմա ես վախենում եմ խոստանալ։ Գիտեմ, որ 10-ից 9-ը հաղթահարելու են, բայց ես վախենում եմ խոստանալ, ու այդ վերջին մեկը նա լինի, որ անկախ ինձնից, անկախ ցանկությունից և պայքարից՝ մահացողը լինի։

Հիվանդը ասում է՝ գիտե՞ս, բժշկուհի, ինձ թվում է, որ ես վատանալու եմ ու կմեռնեմ, ես հույսս քեզ վրա եմ դնում։ Վախենում եմ այն ժամանակվա բժշկական ուժեղ բառերս ասել այս դեպքում»։

Բժշկի խոսքերով դեռևս ուժերը չեն վերականգնել, չնայած, որ նույն ծանրաբեռնվածությամբ չեն աշխատում։

«Մի քանի ամիս է՝ կյանքը դադարել է։ Ընտանիքիս անդամները, երեխաներս ինձ հետ են, բայց չես վայելում, չես ապրում, իրենց ոչնչով չես օգնում։ Կարծես կյանքիդ այդ մի հատվածը չկա, բայց ոչինչ, դրանից էլ չենք նեղվում։ Ծնողներիս 5 ամսում երկու անգամ եմ տեսել, այն էլ դրսում ու հեռվից»,- ասում է Գայանե Մելքոնյանը։

Բժշկի խոսքով՝ հոգնածությունը հաղթահարվում է, երբ պացիենտն առողջացած դուրս է գրվում, երախտիքի խոսքեր է ասում և աղոթում է բժշկի առողջության համար։

«Զարմանում եմ, որ ես չեմ հիվանդացել, որովհետև պահ եղավ, երբ հիվանդը գիտակցության կորուստ ունեցավ և մահճակալից ընկավ, և մենք հանպատրաստից գնացինք հիվանդին օգնություն ցույց տալու։

Ես երբեք չեմ վախեցել, որ կվարակվեմ։ Միայն վախեցել եմ, որ փոխանցողը կլինեմ և իմ պատճառով մարդկանց կվնասեմ։ Երբ սրտանց ես անում ու չես վախենում, ամեն ինչ շատ ավելի լավ է լինում»,- եզրափակեց բժիշկը

Անահիտ Չալիկյան

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.