Սպորտի է վերածվում, թե ով ում ինչպես է աջակցում. ԱԳ նախարար

Կա երկիր, որն անվերապահորեն աջակցում է Հայաստանին, ինչպես Թուրքիան է աջակցում Ադրբեջանին։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Այս հարցը կդիտարկեմ մի փոքր այլ համատեքստում, որովհետև նման գնահատականն ավելի էմոցիոնալ, մակերեսային մակարդակում է։

Սպորտի է վերածվում, թե ով ում ինչպես է աջակցում, թե չի աջակցում։ Շատ ավելի խորքային է այն հարցը, որը վերաբերում է համանախագահների կողմից արտահայտված այն կարևոր ազդակներին։ Դա այն հարթակն է, այն ձևաչափն է, որը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես խաղաղ գործընթացի համար հիմնական հարթակ, և այդ մանդատը տրված է երեք համանախագահներին միջազգային հանրության կողմից։ Իրենց դիրքորոշումը ստացել է լայն աջակցություն միջազգային հանրության կողմից, որն արտահայտված է բազմաթիվ ձևերով թե՛ առանձին պետությունների կողմից, թե՛ ԵԱՀԿ-ի կողմից, թե՛ ԵՄ-ի կողմից, թե՛ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից։

Այդ դիրքորոշման հիմնական էությունը, որն արտահատված է իրենց դիրքորոշման մեջ, վերաբերում է շատ կարևոր սկզբունքի՝ վերականգնել կայունությունը, վերականգնել զինադադարը, բացառել սպառնալիքը, բացառել սպառնալիքի լեզուն և խաղաղ գործընթացի համատեքստում աշխատել այնպիսի լուծումների վրա, որոնք անհրաժեշտ են համապատասխան փոխզիջման բալանսին հասնելու համար։ Այդ դիրքորոշումը մեզ համար ավելի մեծ նշանակություն ունի, քան որևէ սպորտի մեջ ընկնելը և գնահատելը, թե ինչպես Թուրքիան ավելի շատ աջակցեց Ադրբեջանին, թե ավելի քիչ Հայաստանին»,-նշեց ԱԳ նախարարը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.