Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ 30-ամյա Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի և 329-րդ հոդվածի ՝ մարդուն առևանգելու և պետական սահմանն ապօրինի հատելու հատկանիշներով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ, գնդապետ Արթուր Գևորգյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 8-ին Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 30-ամյա Նարեկ Սարդարյանը Սպանդարյան ջրամբարի մոտակայքում գտնվող արոտավայրում ձիով գնացել էր անասունների հոտի ուղղությամբ և չէր վերադարձել։ Օրեր շարունակ իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չէին տվել, ինչից հետո հուլիսի 15-ին համացանցում տարածվել էր Նախիջևանում տեսագրված տեսանյութ, որտեղ Նարեկ Սարդարյանը կադրի հետևից իրեն ուղղված հարցերին ի պատասխան՝ պատմում է, թե սպիտակ կտոր ծածանելով հանձնվել Ադրբեջանի զինվորականներին ու, որ ինքն Ադրբեջանի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրում կամ հանձնել երրորդ երկրի։

Սարդարյանի կնոջ, ծնողների, քրոջ անունից փաստաբանները հուլիսի 17-ին ՄԻԵԴ դիմում են ներկայացրել՝ Ադրբեջանի հանրապետությունում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին։ Հուլիսի 22-ին ՄԻԵԴ-ը բավարարել է հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին տրամադրել տեղեկություն Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի ու պայմանների մասին, տրամադրել տեղեկություն նրա առողջական վիճակի մասին (հաստատված բժշկական տեղեկանքով (տեղեկանքներով), եթե այդպիսիք կան) և արդյոք բժշկական հետազոտությունը իրականացվել է անկա՞խ մասնագետի կողմից, հարուցվե՞լ է արդյոք նրա նկատմամբ քրեական գործ, և եթե հարուցվել է, տրամադրել բոլոր համապատասխան մանրամասները և փաստաթղթերը, ներառյալ նրա դեմ առաջադրված ցանկացած մեղադրանքի մասին,նշանակվե՞լ է արդյոք փաստաբան, արդյոք նա հնարավորություն ունի՞ լիարժեքորեն շփվել իր հարազատների և Հայաստանի իշխանության հետ։

Կարմիր Խաչից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ կազմակերպությունը կապի մեջ է կառավարության հետ, սակայն մանրամասներ չհայտնեցին՝ նշելով, որ տեղեկատվությունը կոնֆիդենցիալ է։

Նարեկ Սարդարյանի ընտանիքի անդամների ներկայացուցիչ Նարեկ Զեյնալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս որևէ տեղեկատվություն չեն ստացել։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին ներկայացված պահանջների համար ՄԻԵԴ-ի կողմից սահմանված ժամկետին, ապա Զեյնալյանը նշեց, որ Ադրբեջանի համար ժամկետ է սահմանվել մինչև սեպտեմբերի 2-ը, իսկ բուն գանգատը պետք է ներկայացվի մինչև օգոստոսի 19-ը, իսկ թե ինչ իրավունքների վերաբերյալ է լինելու գանգատը՝ Զեյնալյանը չմանրամասնեց։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.