Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 29-ամյա վարորդը մարդատար Газель-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել. նա տեղում մահացել է

Երեկ՝ հունիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ՝ 29-ամյա Վանիկ Սաֆարյանը իր վարած Газель մակնիշի բեռնատար ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Սաֆարյանը տեղում մահացել է։

 

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանաատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.