Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Mercedes մակնիշի ավտոքարշակը բախվել է երկաթե արգելապատնեշին և մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում

Այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Հովիկ Ղ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոքարշակով Թալին-Կարմրաշեն ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

 

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Թալինի հիվանդանոցի բժիշկների խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ վթարի հետևանքով ինքը չի տուժել։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.