Ճգնաժամի պայմաններում կառավարությունը շարունակում է անիմաստ ու անտեղի ծախսեր իրականացնել

Հայաստանն այժմ գտնվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ: Այս ընթացքում պետական բյուջեն, տնտեսությունը, ազգաբնակչությունը մեծ կորուստներ են ունենալու և կառավարությունն առաջին հերթին պետք է վերանայի իր հարկային, կենսաթոշակային քաղաքականությունը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նրա խոսքով Ֆինանսների նախարարության կանխատեսումների համաձայն՝ այս տարի պետբյուջեի դեֆիցիտն ավելանալու է 142 մլրդ դրամով կազմելով 324 մլրդ դրամ, հետևաբար դեֆիցիտը ֆինանսավորելու համար ստիպված ենք լրացուցիչ աղբյուրներ գտնել. «Դեֆիցիտն առաջանում է այն պատճառով, որ Ֆինանսների նախարարության կանխատեսումների համաձայն 2020 թվականը փակելու ենք -2 տոկոս տնտեսական անկմամբ այն դեպքում, երբ 2020-ի պետբյուջեով պլանավորված էր 4.9 տոկոս տնտեսական աճ: Այսինքն` մոտ 7 տոկոս աճի նվազում ենք ունենալու և յուրաքանչյուր մեկ տոկոս աճն ապահովում է պետբյուջե 12-ից մինչև 14 մլրդ դրամի չափով մուտքեր: Դա ևս կրճատվում է, բացի այդ՝ մարդկանց գնողունակության կտրուկ անկում, եկամուտների նվազում է լինելու, որն էլ կհանգեցնի պետական բյուջեի եկամուտների նվազմանը»,-ասաց Սուրեն Պարսյանը:

Դրանից բացի 2020 թվականի հունվարի 1-ից ներդրվեց համահարթ եկամտահարկի քաղաքականությունը, ինչի արդյունքում բարձր եկամուտ ունեցողները քիչ են վճարելու. «Դա այս տարվա կտրվածքով կկազմի մոտ 30 մլրդ դրամ և այդ հարկային բեռը փոխանցվել էր սպառողներին ալկոհոլային խմիչքների, ծխախոտի ակցիզային հարկերի բարձրացման միջոցով, բայց քանի որ հիմա մարդկանց գնողունակությունը նվազել է, ավելի քիչ են կարողանում ծխախոտ կամ ալկոհոլային խմիչք օգտագործել, բավականին նվազել է ալկոհոլային խմիչքի սպառումը նաև հանրային սննդի կետերում, քանի որ դրանք փակ են, հետևաբար այստեղից ակնկալվող պետբյուջեի եկամուտները ևս նվազել են»,-ասաց տնտեսագետը նկատելով, որ ունենք մի իրավիճակ, որ տնտեսական ճգնաժամի արդյունքում կրճատվել են պետբյուջեի եկամուտները, այդ թվում նաև կառավարության վարած սխալ հարկային քաղաքականության արդյունքում և տնտեսագետի պնդմամբ կառավարությունը շարունակում է անիմաստ ու անտեղի ծախսեր իրականացնել:

Պարտք ենք վերցնում դեֆիցիտը ֆինանսավորելու համար, երբ 2020 թվականին պարտադիր կուտակային կենսաթոշակային հիմնադրամի համար նախատեսված է 70 մլրդ դրամ. «Այսինքն այդ 70 մլրդ-ն փոխանցելու ենք մասնավոր ֆոնդերին, որ տնօրինեն այդ գումարները այն դեպքում, երբ մենք այդ գումարների կարիքն ունենք և 142 մլրդ-ի կեսն ուրիշին ենք տալիս ու գնում ուրիշից պարտքով փող ենք վերցնում: Անարդյունավետ ֆինանսական քաղաքականություն է իրականացվում: Էստոնիան ներկայումս քննարկում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վճարումների սառեցումը, որ այդ գումարներն օգտագործվեն պետական կարիքների համար»,-ասաց Սուրեն Պարսյանը ընդգծելով, որ այդ միջոցների հաշվին կարելի էր գումար խնայել և պարտք չվերցնել:

Ինչևէ տնտեսագետի գնահատմամբ այս տարի մեր պարտքը նախատեսվածից ավելի արագ տեմպով է աճելու: Զարգացած երկրները նույնպես նախատեսում են դեֆիցիտն ավելացնել մինչև 11 տոկոս, որոշ դեպքերում նաև 22 տոկոս և համաշխարհային տենդենց է գումար վերցնել դեֆիցիտը ֆինանսավորելու համար, սակայն տնտեսագետը պնդում է` այս իրավիճակում պետք է օգտագործենք մեր ռեզերվները, խնայողությունները, որը չենք անում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.