Այս հանդիպումից հետո Ադրբեջանի համարձակությունը ռազմական քայլերի գնալու առումով շատ քիչ է լինելու. Ալեն Սիմոնյան

Ես կարծում եմ այն ֆորմատում, որը կար, որը թույլ էր տալիս ինչ-որ բան ասել՝ ամեն ինչ ասվել է։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը։

Նա նշեց, որ դրա վառ ապացույցը ոչ միայն մեր համաքաղաքացիների կարծիքն է, այլև Ադրբեջանի նախագահի խառնված կեցվածքը. «Ինչպես նաև հենց այսօր Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները, որ ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել։ Եկեք հասկանանք Ադրբեջանում ինչ է կատարվում ու ադրբեջանցիներն ինչ գնահատական են տվել։ Ակնհայտ է, որ այդ ցույցերը, այդ ընդվզումը եղել է այն վիճակից, ինչն իրենք տեսել են այդ հանդիպման ժամանակ»։

Հարցին՝ կա՞ր ասելիք, որ կուզեիք ներկայացնել, բայց ֆորմատը թույլ չտվեց, Սիմոնյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, այնքան բան կա ասելու, այնքան բան կա...ես մի կարևոր բանի վրա ձեր ուշադրությունը սևեռեմ։ Վարչապետն ասաց, որ պատրաստ է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ, ինչին ի պատասխան Ադրբեջանի ղեկավարն ուղղակի խուսափեց»։

Սիմոնյանի գնահատմամբ, եթե ինչ-որ պահ Ադրբեջանը մտածում էր ինչ-որ բան կարող է անել, ապա այդ պահը հետաձգվեց։

«Բերել Ադրբեջանի նախագահին ու հանրության առաջ ասել «Խաղաղություն, ընդունեք, խաղաղությունն այլընտրանք չունի», և Ադրբեջանի նախագահն ասում է. «Այո, եթե այս ֆորմատը չլինի, միգուցե դիմենք այդ տարբերակին, դիմենք դատարան»։ Դա նույնպես պարտավորություն է, որ ուժի կիրառում, ռազմական լուծում չի լինելու, սա պարտավորություն է, որը ստանձնվել է աշխարհի առջև»,-ասաց ԱԺ փոխնախագահը։

Սիմոնյանի կարծիքով, այս հանդիպումից հետո Ադրբեջանի համարձակությունն ու պատրաստակամությունը ռազմական քայլերի գնալու առումով շատ քիչ է լինելու։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.