Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դատավորին ու դատախազին բացարկ հայտնեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Դատական նիստին ներկա են բոլոր ամբաստանյալները՝ Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը։ Քոչարյանի մուտքը նիստերի դահլիճ կրկին թեժացրեց մթնոլորտը։

Դատական նիստը կշարունակվի առանց տուժողների իրավահաջորդ Տիգրան Եգորյանի, որը չէր ներկայացել նիստին։

Նշենք, որ նախորդ դատական նիստին նախագահող դատավորը մերժել էր Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը՝ անփոփոխ թողնելով ընտրված խափանման միջոց կալանավորումը։

«Փաստինֆո» -ի թղթակցի հաղորդմամբ՝ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը հանդես եկավ նոր միջնորդություններով՝ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ եւ մեղադրող դատախազ Պետրոսյանին բացարկ հայտնելու մասին։

Դատարանն առաջնային կարգով քննի նախագահող դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.