Վանեցյանը հեռացավ. ներիշխանական ճգնաժամ կլինի՞

Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին լուրը տառացիորեն պայթեցրել է հայկական մեդիադաշտը: Բոլորվին անսպասելի կերպով այսօր տարածվեց Վանեցյանի հրաժարականի ուղերձը, որն այլ կերպ, քան բոյկոտ՝ իշխանություններին, անհնար է  որակել:

Անկախ տեղի ունեցածի խորքային պատճառներից՝ ակնհայտ է ու անվիճելի, որ  երկրի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից

Վանեցյանի՝ հեղափոխության հենասյուներից մեկի հրաժարականը չի կարող խորքային ազդեցություն չթողնել երկրի, պետական կառավարման վրա:

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Վանեցյանին կարող է փոխարինելու գալ գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը, մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ Վանեցյանին կարող է փոխարինել Վահե Ղազարյանն, ով այժմ զբաղեցնում է ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը:

Մյուս կողմից՝ ուշագրավ է մեկ այլ իրադարձություն ևս. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում  փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ամրագրել, որ ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները համարվելու են քաղաքական պաշտոն, և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար ևս սահմանվելու են պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

Ըստ այդմ՝ 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք կարող է զբաղեցնել ԱԱԾ տնօրենի պաշտոնը:

Եթե ԼՀ-ի հեղինակած նախագիծն առաջիկայում վերջնականապես հաստատվի, ապա կունենք բավական ուշագրավ պատկեր. ուժայինները, փաստորեն, կքաղաքականացվեն, ինչը միանգամայն նոր իրավիճակ կստեղծի երկրում:

Միևնույն ժամանակ մեծ հարց է այն, թե արդյոք  կհաջողվի՞ «մարսել» Վանեցյանի հրաժարականը, թե՞ այն կարող է դառնալ ներիշխանական խորքային պառակտման սկիզբ՝ հաշվի առնելով նույն «Իմ քայլը» խմբակցությունում ստեղծված հակասական իրավիճակը՝ պայմանավորված հրատապ որոշ խնդիրների շուրջ առաջացած տարաձայնություններով, և կամ կարո՞ղ է իրավիճակն այնքան լարվել կամ անկանխատեսելի հունով ընթանալ, որ առաջ գա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն: Այս իմաստով խորհրդանշական պետք է համարել օրերս Հովիկ Աղազարյանի կողմից արված այն հայտարարությունը, որ արտահերթ ընտրությունները կարող են որոշակի իրավճակում որոշակի խնդիրների լուծման բանալի դառնալ:

Ամեն դեպքում իշխանությունները պետք է անեն ամեն ինչ՝ երկիրը ցնցումներից զերծ պահելու, խժդժություններ թույլ չտալու համար: Մի իրավիճակում, երբ երկիրը փաստացի պատերազմական վիճակում է գտնվում, իսկ թշմանին էլ կրկին անգամ լայնամասշտաբ զորավարժություններ է իրականացնում այս օրերին, իրավունք չունենք  սայթաքելու, զգոնությունը կորցնելու:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.