Չորրորդ ՇՄԱԳ-ի պահանջը ձևակերպված է. ինչպե՞ս կարձագանքի «Լիդիանը»

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, ուր, մասնավորապես, նշված է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ 

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփ ներկայացրել է ընդհանուր վիճակը և նշել, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել: 
Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են Ամուլսարի ծրագրի՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) իրականացնելու ընթացակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել խնդրի իրավական ասպեկտներին, բնապահպանական նոր գործոնների ի հայտ գալուն և այլն: 

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին և ինստիտուտներին համակարգված աշխատել՝ համապարփակ վերլուծություն և նախաքննության համար լիարժեք տվյալներ ունենալու համար»: 

Մտավախությունները սին դուրս չեկան: Կառավարությունն, ըստ էության, որոշում է ընդունել  չորրորդ անգամ ՇՄԱԳ իրականացնելու մասին:

Օգոստոսի 4-ին երկու փոխվարչապետների կողմից արված հայտարարությունների բովանդակությունն արդեն իսկ հուշում էր, որ իշխանությունները հակված չեն վերջնական լուծում տալու Ամուլսարի խնդրին՝ նախընտրելով գնալ  մի ճանապարհով, որը բավական կասկածելի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար:

Հիմա գլխավոր հարցադրումը հետևյալն է՝ ի՞նչ արձագանք կստացվի «Լիդիանի» կողմից, արդյոք ընկերությունը կհամաձայնվի՞ չորրոդ փորձաքննության պահանջին, թե՞ կնախընտրի վերջ տալ այս ամենին ու կգնա միջազգային արբիտրաժ: Եվ կամ ի՞նչ արձագանք կստացվի ամերիկյան կողմից՝առհասարակ՝ տարբեր խողովակների միջոցով թեկուզև:

Բոլոր դեպքերում գնդակն այլևս «Լիդիանի» դաշտում է, ու հենց ընկերության ռեակցիայից  է կախված լինելու Ամուլսարի շուրջ  իրադարձությունների հետագա ընթացքը:

Մյուս կողմից՝ այն, որ Կառավարությունը որոշել է հարցը բաց թողնել, հանքի շահագործման հնարավորության հույսը չկտրել, գուցե արդեն իսկ ձեռքբերում պետք է համարել: Այդ քայլին Փաշինյանը գնացել է, իհարկե, ոչ առանց քաղաքական լուրջ հաշվարկների՝ մի կողմից՝ բաց դուռ թողնելով «Լիդիանի» համար, մյուս կողմից՝ չգրգռելով Ամուլսարի շահագործման դեմ կտրակնապես դեմ հանդես եկող շերտին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.