Վազգեն Մանուկյանը՝ Քոչարյանի փոխարե՞ն

Օրերս կարկառուն ՀՀԿ-ականներից Խոսրով Հարությունյանը մի ֆեյսբուքյան «ստատուս» էր գրել, ուր սեփական խոհերով կիսվել էր Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված անցումային արդարադատության վերաբերյալ օրենսդրական նախագծի վերաբերյալ:

Ուշագրավը, սակայն, ոչ թե թեմային Հարությունյանի կատարած անդրադարձն էր, այլ այն, թե թեմայի շուրջ խոկման արդյունքում ինչի էր նա հանգել:

«Ուստի եթե խոսքը գնում է հասարակության ոտնահարված իրավունքներն ու, ինչ որ իմաստով, պատմության ընթացքը վերականգնելու մասին, ապա ես նույնպես գտնում եմ, որ միակ ճիշտ լուծումը իշխանությունը 1996թ. ընտրությունների իրական հաղթողին՝ Վազգեն Մանուկյանին փոխանցելն է: Ինքս 1996թ. եղել եմ Տեր-Պետրոսյանի նախընտրական թիմում և ակտիվ մասնակցել եմ նրա քարոզարշավին, բայց այսօր կարծում եմ՝ նշված մոտեցումը արդարացված կլինի թե՛ պատմական արդարությունը վերականգնելու և թե՛ պատմական զարգացումները իրենց բնականոն հուն տեղափոխելու տեսակետից: Ավելին՝ նման մոտեցմամբ մեր իշխանությունները իրականում կհաստատեն հանրային կյանքում հեղափոխական բարեփոխումներ իրականացնելուն և հեղափոխության հռչակած իդեալներին իրենց նվիրվածությունը: Ի դեպ՝ գործող Սահմանադրությունը այդ քաղաքական պրոյեկտը կյանքի կոչելու համար որևէ խոչընդոտ չի հարուցում: Մնում է ցուցաբերել քաղաքական ողջամտություն և խոհեմություն»,-մասնավորապես՝ գրել էր Խոսրով Հարությունյանը:

Վերջին շրջանում բավական ակտիվորեն շրջանառության մեջ է հայտնվել Վազգեն Մանուկյանի ակտիվ քաղաքականություն վերադարձի մասին թեման: Մասնավորապես՝ նույն մամուլում երբեմն-երբեմն հայտնվում են հրապարակումներ, որոնցում խոսք է գնում Մանուկյանի անդրկուլիսյան հսկայական դերակատարության մասին, այն մասին, որ նրա շուրջ են փորձում համախմբվել որոշ ուժեր՝ ռևանշի հասնելու, ինչ-որ կերպ ռեաինկարնացիայի ենթարկվելու:

Այս իմաստով պետք է ուշագրավ համարել օրերս հայկական լրատվամիջոցներից մեկին Վազգեն Մանուկյանի տված հարցազրույցը, որում վերջինս, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և հեռանկարներին, խոսել է նաև 1996 թվականի ընտրությունների մասին, հանդես եկել հետևյալ ուշագրավ հայտարարությամբ. «Պատմությունը պետք է ուսումնասիրել և դասեր քաղել, բայց հետ գնալ և փոխել պատմությունը հնարավոր չէ: Չկա իրավական ձև՝ գնալ հետ և վերականգնել խախտված իրավունքները: Դա գեղեցիկ հնչում է մատուցելու համար, բայց իրականում դա չիրականացվող բան է: Դրանք գեղեցիկ խոսքեր են, բայց անցումային արդարադատությունը շատ վտանգավոր և կործանարար կլինի Հայաստանի համար»:

Մանուկյանի խոսքերից կարելի է եզրակացնել, որ Խոսրով Հարությունյանի այն միտքը, թե պատմական արդարության վերականգնման տեսանկյունից Մանուկյանին իշխանությամբ օժտելը արդարության հաստամանը միտված ամենամեծ քայլը կլինի, այնքան էլ չեն համընկնում Մանուկյանի աշխարհընկալման նրբերանգների հետ:

Այստեղ, սակայն, գլխավոր հարցը, ոչ թե Մանուկյանի ու Խոսրով Հարությունյանի աշխարհայացքների միջև առկա տարբերություններին կամ ընդհանրություններին է վերաբերում, այլ խնդիրն այն է, թե ինչո՞վ կարող է պայմանավորված լինել Խոսրով Հարությունյանի մտքի թռիչքը՝ կոնկրետ, որը, թերևս, այս իրավիճակում պետք է գնահատել որպես նաև նրա հարազատ կուսակցության ներսում թևածող իդեաների յուրատեսակ արտահայտում:

Ինչո՞ւ են մեջտեղ բերում Վազգեն Մանուկյանին, ով, փաստորեն, այնքան էլ խանդավառված չէ իշխանությամբ օժտվելու մշուշոտ հեռանկարով՝ թեկուզ տեսականորեն:

Բանն այն է, որ արտախորհրդարանական ուժերն, իսկ դրանց շարքում առաջինը հենց ՀՀԿ-ն չեն կարող ուղիներ չորոնել իշխանությունն ինչ-որ կերպ վերադարձնելու, ինչն անելու համար այժմ թարմ դեմքերի կարքի են զգում՝ չվարկաբեկված:

Վազգեն Մանուկյանը թեկուզ տեսականորեն կարո՞ղ է դառնալ այն առանցքն, ում շուրջ կհամախմբվեն հեղափոխությամբ բզկտվածները՝ հաշվի առնելով նրա ու նախկինների միջև գոյություն  ունեցող կուռ կապերը:

Մյուս կողմից, իհարկե, ընդդիմության առաջնորդի ջահը սեփականելու անզուսպ հավակնություններ է դրսևորում Ռոբերտ Քոչարյանն, ում  ՀՀԿ-ն և այլ ուժեր սատարում են՝ գոնե պաշտոնապես:

Վազգեն Մանուկյանին մեջտեղ բերելով՝ ի՞նչ խնդիր կարող է լուծել ՀՀԿ-ն, արդյոք այս իրավիճաում Մանուկյանին իշխանությունը «վերադարձնելու» Խոսրով Հարությունյանի կոչերը հակասության մեջ չե՞ն մտնում Քոչարյանի ամբիցիաների հետ, Վազգեն Մանուկյա՞նն է Քոչարյանի այլընտրանքը ՀՀԿ-ի համար, թե՞ այս ամենն ընդամենը որոշ խաղաքարտեր ժամանակավորապես խառնելու համար է արվում…

Ինչ էլ լինի՝ մի բան հստակ է՝ ներկա իշխանություններն անհանգստության ոչ մի առիթ չունեն, քանի որ հեղափոխութամբ գահավիժածների փորձերն՝ ինչ-որ կերպ վերաձևակերպվելու ներքաղաքական դաշտում, դատապարտված են լինելու անհաջողության՝ պայմանավորված, առաջին հերթին, ժողովրդի գործոնով, որ կտրականապես մերժում է հնի վերադարձն ու միտված է նայել բացառապես կառուցվող ապագային:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.