Ճանճերը կոտլետներից զատելու ժամանակը

Գաղտնիք չէ, որ քաղաքական ընդդիմախոսների թիրախում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամենահաճախ հայտնվում է «ոչ պրոֆեսիոնալ կադրերով» շրջապատված լինելու պատճառով: Իհարկե, վիճել կարելի է երկար, թե ընդդիմախոսների նմանբովանդակ հակափաստարկներն ընդդեմ Փաշինյանի և, առհասարակ, հեղափոխության, որքանով են օբյեկտիվ, որքանով՝ ոչ, սակայն անհերքելի փաստ է, որ նույն պետական կառավարման համակարգում այսօր իսկապես կա նման խնդիր, եթե ոչ տոտալ բնույթ կրող, ապա առնվազը մասնակի. տեղ-տեղ հնարավոր է լինում համոզվել, որ առնվազը որոշ դեպքերում Փաշինյանին հակառակվողները մանիպուլյացիա չեն անում:

Մամուլում  բավական լայն արձագանք է ստացել ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանի և նրա տեղակալ Արսեն Օհանյանի միջև ընթացող պատերազմները, որոնք, տեղափոխվելով համացանցային տիրույթ, է՛լ ավելի տգեղ ու զազրելի տեսք են ընդունել:

Մասնավորապես՝ լայն քննարկման ու քննադատման առարկա է դարձել ՍԱԾ պետի տեղակալ Արսեն Օհանյանի ֆեյսբուքյան որոշ գրառումներ, որոնք ակնհայտ հակազգային, հակաքրիստոնեական բովանդակություն են կրում, ինչպես նաև պարունակում են ցենզուրայից դուրս մեծ քանակաությամբ արտահայտություններ ու վիրավորանքներ՝ ուղղված ազգին: Իհարկե, միգուցե ոմանք այս ամենը կարող են դիտարկել խոսքի ազատության շրջանակներում՝ մեկնաբանելով սեփական փիլիսոփայության տեսանկյունից, սակայն միանշանակ է, որ առնվազը պետական ոչ ցածրաստիճան պաշտոնյան, ով ինչ-որ իմաստով մի ողջ պետություն է խորհդրանշում, ուղղակի իրավունք չունի հաշիվ չտալ սեփական գործողություններին:

Ի դեպ՝ ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանի և  տեղակալ Արսեն Օհանյանի հակամարտության պատճառով բավական տհաճ կացության մեջ է հայտնվել նաև նախարար Զարուհի Բաթոյանը՝ ստիպված լինելով ինչ-որ կերպ հերքել իր իսկ դեմ վերաճած մեղադրանքներն առ այն, որ նախարարը սեփական նախարարության ներսում ընթացող պրոցեսներն այլևս չի վերահսկում:

Թե ինչով կավարտվի այս տհաճ գզվրտոցը, իհարկե, պարզ կդառնա ժամանակի հետ միայն, բայց այն, որ  վաղուց ժամանակն է իսկական վեթինգ-զտում անցկացնելու ողջ պետական կառավարման համակարգում՝ դրա դեմքը փրկելու ու կենսունակությունը բարձրացնելու համար, անհերքելի փաստ է՝ հաշվի առնելով հատկապես հասարակական այն մեծ սպասելիքները, որոնք այժմ կան Փաշինյանի կառավարությունից և որոնք առանց լուրջ թիմի անհնար է լինելու արդարացնել:

Հեղափոխության առաջամարտիկը ոչ թե  նա է, ով «բաշարել» է Փաշինյանի հեղինակությունը ծառայեցնել սեփական անձի նեղ շահերին, այլ նա, ով իր կարևոր լուման է ներդնում հետհեղափոխական Հայաստանի ամրապնդման ու զարգացման գործում՝ նույնիսկ անկախ ունեցած քաղաքական հայացքներից…

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.