Նիկոլ Փաշինյանն արձանագրեց խնդիրը. «վիրահատություն» չի լինի

Հակակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստին մինչ նիստի բուն օրակարգի քննարկմանն անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել մի քանի շեշադրումներով:

Արձանագրելով փաստը, որ նախկինում երկրում վխտացող կոռուպցիայի հիմնական պատճառն եղել է  իշխանությունների հայտարարությունների ու գործողությունների միջև չեղած կապն, երբ ասվել է մի բան, բայց արվել է ուրիշ բան՝ կոռուպցիայի դեմ գործուն պայքար մղելու քաղաքական կամքի բացակայության պատճառով՝  Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Այսօր միանշանակ է և աներկբա, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի հակակոռուպցիոն սկզբունքային պայքար վարելու քաղաքական կամքի հնարավորինս ամենամեծ ծավալը, բայց այսօր նույնպես Հայաստանի Հանրապետությունում  հակակոռուպցիոն պայքարը չի ընթանում և տեղի չի ունենում այն ծավալներով և արդյունավետությամբ, որը կհամապատասխաներ Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքին»:

Շեշտելով հետայսու կոռուպցիայի դեմ պայքարի խնդրում առավելագույն սկզբունքայնության ու այդ երևույթի նկատմամբ անհանդուրժողականության կարևորությունը՝ Փաշինյանը միաժամանակ ասել է.«Մենք ունենք նաև որոշակի մարտահրավերներ, և այդ մարտահրավերներից կարևորագույնը ինձ համար հետևյալն է. հակակոռուպցիոն պայքարը կազմակերպել բացառապես այնպիսի եղանակներով, ձևերով և կառուցակարգերով, որպեսզի դրանք հանկարծ որևէ կերպ կամա թե ակամա չվնասեն Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության իմիջին և ժողովրդավարական իրականությանը»:

Փաշինյանն իրականում բարձրացնում է չափազանց կարևոր հարց: Մի կողմից՝ վարչապետն արձանագրում է, որ նույնիսկ հետհեղափոխական շրջանում իշխանությունների կողմից մղված հակակոռուպցիոն պայքարը չի տվել սպասելի արդյունքը, մյուս կողմից՝ ընդգծում այդ  կոռուպցիայի դեմ պայքարում որոշակի նորմերի պահպանման անհրաժեշտությունը՝ կոչված «ունքը սարքելու տեղն աչքը չփչացնելուն»:

Փաշինյանն, իհարկե, իրատես է և միաժամանակ բավարար չափով համարձակ՝ խոստովանելու  բացթողումները, որոնք հասարակության շրջանում հիմնականում ընկալվում են որպես ավելորդ հանդուրժողականության հետևանք. քաղաքացիների մեծամասնությունը, հաճախ առաջնորդվելով էմոցիաներով, քննադատում է  Փաշինյանին նախորդների նկատմամբ ցուցաբերած ավելոդ հանդուրժողականության մեջ՝ վստահ լինելով, որ  իրական արդյունք գրանցելու համար անհրաժեշտ է «խստասիրտություն»:

Փաշինյանը, սակայն, իր խոսքում, ըստ էության, պարզաբանում է  իշխանությունների կողմից այդ հարցում վարվող ներկա քաղաքականության դրդապատճառները. եթե անհրաժեշտ նրբանկատություն չդրսևորվի, ապա վնասը կարող է ավելին լինել, քան ակնկալվող օգուտը, և Հայաստանը կարող է մնացյալ աշխարհի կողմից ընկալելի չլինել:

Թվում է՝ նույն Արևմուտքն առաջիններից մեկն  է շահագրգռված՝ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու հարցում, քանի որ այդպիսով Հայաստանն է՛լ ավելի է մոտենում զարգացած աշխարհին, սակայն դրա հետ մեկտեղ խնդիր է ծագում՝ գործողությունները համապատասխան փաստերով հիմնավերելու, օրենքի շրջանակներում տեղավորելու, առանց որի հակակոռուպցիոն պայքարը կարող է դիտարկվել որպես ինքնադատաստանի պես մի բան՝ դրանից բխող նաև անցանկալի տնտեսական հետևանքներով՝ հաշվի առնելով հատկապես այն, որ Կառավարության համար առաջնահերթ է նաև երկիր ներդրումներ բերելու խնդիրը:

Այո՛, միգուցե այս ճանապարհով գնալիս հակակոռուպցիոն պայքարը ստիպված է լինելու բախվել խոչընդոտների, դժվարությունների՝ պահանջելով ավելի երկարատև ժամանակ, սակայն կասկած չկա, որ այդ քայքայիչ երևույթի դեմ մղվող պայքարն այլ ուղի կամ ձև չունի, քան այն, որը նշել է Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.