Իրանի գայթակղիչ առաջարկը՝ Հայաստանին. Երևանը կհամարձակվի՞

Իրանական «IRNA» գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 3-ին Թեհրանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայկական կողմին ուղղված առաջարկությամբ է հանդես եկել՝ երկու երկրների միջև իրականացվող ատևտուրը կատարելու ազգային արժույթով:

Կարևորելով  Թեհրանի ու Երևանի միջև բանկային համագործակցությունը՝ Իրանի ղեկավարն ընդգծել է, որ փոխադարձ հաշվարկների դեպքում ազգային արժույթի օգտագործումը կհանգեցնի երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի ավելացմանը։

«Իրանի և Հայաստանի հարաբերությունները միշտ բարեկամական են եղել, մենք ուզում ենք, որ դրանք է՛լ ավելի ամրապնդվեն ու զարգանան», – ասել է Ռոհանին՝ միաժամանակ հավաստիացնելով, որ Իրանը միշտ ձգտում է լավ հարաբերություններ ունենալ հարևանների, մասնավորապես` Հայաստանի հետ։ Միաժամանակ Իրանի նախագահը կարևորել է համատեղ նախագծերի իրականացման արագությունը` երկկողմանի հարաբերություններն ընդլայնելու համար։

Իրականում Ռոհանին բավական գրավիչ առաջարկ է ներկայացնում Հայաստանին, ինչը, թերևս, մեծապես բխում է նաև տնտեսական պատժամիջոցների տակ կքացող Իրանի տնտեսական շահեից, որն այժմ խնդիր ունի՝ հնարավորինս շրջանցելու ամերիկյան դոլարի գերիշխանությունն ու  մեղմացնելու ամերիկյան պատժամիջոների բացասական ազդեցությունը: Այս անելու համար Իրանի համար Հայաստանը կարող է հրաշալի պատուհան դառնալ, ինչի դիմաց Թեհրանն, անշո՛ւշտ, պատրաստակամ է էապես ընդլայնելու հայ-իրանական տնտեսական հարաբերություններն ու, ըստ էության, իր կողմից վարվող պրոտեկցիոնիստական տնտեսական քաղաքականության հարցում Հայաստանի պարագայում գնալու որոշակի զիջումների՝ բացելով սեփական շուկան հայկական ապրանքների համար այն դեպքում եթե երկկողմ առևտրաշրջանառության մեջ դոլարի դերը չեզոքացվի:

Նկատենք, որ Իրանի հետ տնտեսական հարաբերությունների խորացումն էապես բխում է նաև հայկական կողմի շահերից, որի ղեկավարության առաջ այժմ ծառացած է մնում տնտեսական հեղափոխություն իրականացնելու առաքելությունը: Այս իմաստով Իրանի հետ արդյունավետ փոխգործակցությունը կարող է հավելյալ խթան դառնալ տնտեսական ճեղքում իրականանցնելու համար:

Մնում է միայն հասկանալ, թե հայկական կողմը որքանով է պատրաստ ձեռք մեկնել Իրանին՝ հաշվի առնելով նաև Արևմուտքի հետ մեր երկրի հարաբերություններն ու նույն ԱՄՆ-ի հնարավոր բացասական արձագանքն Ռոհանիի առաջարկին. այժմ ԱՄՆ-ն ջանում է հնարավորինս կղզիացնել, մեկուսացնել Իրանն, իսկ այդ իրավիճակում Հայաստանի ավելորդ  ամբիցիաները կարող են չեզոքացնել պատժամիջոցներից ակնկալվող էֆեկտը. Հայաստանը կկարողանա՞ այս հարցում ինքնուրույնություն դրսևորել, թե՞ կբախվի անհաղթահարելի արգելքների՝ ահա հարցերի հարցը:

Մյուս կողմից՝ օրակարգային է մնում նաև Իրանից մրցունակ գներով գազի ստացման խնդիրը: Արդյոք նույն Իրանը պատրաստակամ կլինի՞ Հայաստանի դրական պատասխանի պարգայում ընդառաջել Երևանին ու իսկապես մրցունակ գներով գազ տրամադրել մեր երկրին՝ փրկելով Հայաստանին ռուսական «ասեղից»: Սա, թերևս, հետաքրքիր հարցադրում է, որի պատասխանը շատ հնարավոր է, որ դրական լինի, եթե, իհարկե, հայաստանյան իշխանություններն իրենց մեջ ուժ գտնեն՝ սեփական լեգիտիմությունը կապիտալիզացնելու համապատասխան ուղղությամբ նաև:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.