Ժամանակն է, որ նախագահը խոսի

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված թնջուկը, որի կենտորնում այժմ հայտնվել են մի կողմից՝ Հրայր Թովմասյանն, իսկ մյուս կողմից՝ Վահե Գրիգորյանը, բավական հեռուն գնացող հայտարարույունների ու ոչ միայն գաղափարական բախումների առիթ է դարձել:

Սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ ներկայումս չկա մեկ այլ նույնքան սուր հնչեղություն ստացած թեմա, քան վերոհիշյալ հարցն է, որ, թերևս, այլևս վերածվել է թիվ մեկ քաղաքական խնդրի: Նույնիսկ հնչում են տեսակետներ, որ ի վերջո բանը կարող է հասնել երկրում Սահմանադրական ճգնաժամի ի հայտ գալուն՝ դրանից բխող քաղաքական հետևանքներով, որի հույսն, ի դեպ, ակնհայտորեն ունեն տապալված համակարգի ջատագովներն, ովքեր, փաստորեն, բացեիբաց կոչ են անում նույն Հրայր Թովմասյանին, այսպես ասած, չընկրկելու:

Միևնույն ժամանակ գլխավորապես արտախորհրդարանական ընդդիմության որոշ ներկայացուցիչների կողմից, ովքեր, ըստ էության, անսխալականորեն ասոցացվում են քոչարյանական թևի հետ, հատկապես վերջին շրջանում բավական լուրջ մեղադրանքներ են հնչում՝ ուղղված երկրի նախագահ Արմեն Սարգսյանին՝ ՀՀ Սահմանադրության երաշխավորին. պահանջում են Արմեն Սարգսյանից հստակ դիրքորոշման ու հարցի վերաբերյալ անշփոթելի կեցվածքի արտահայտում:

Ընդ որում՝ բանը հասել է նրան, որ որոշ բանախոսներ՝ հանրությանը քաջ հայտնի, իրենց հայտարարությունները սկսել են համեմել որոշակի արտահայտություններով ու դարձվածքներով, որոնք նույնիսկ ակնհայտ վիրավորանք են պարունակում՝  հարվածելով Արմեն Սարգսյանի  ոչ միայն քաղաքական, այլև նույնիսկ անձնական հեղինակությանը:

Արմեն Սարգսյանի՝ ի սկզբանե որդեգրած առավելապես պասիվ կեցվածքը բացատրվում է, թերևս, ներկա Սահմանադրության սպեցիֆիկայով, երբ, ըստ էության, երկրի նախագահին վերապահվել է ինչ-որ իմաստով բուտաֆորիկ առաքելություն, ինչն, անկասկած, ապագայում շտկելու ենթակա խնդիր է և շտկվելու է:

Այժմ, սակայն, երբ երկիրն հայտնվել է փորձությունների հորձանուտում, շատերը սկսել են մեղադրել Արմեն Սարգսյանին պատասխանատվությունից խույս տալու ու նույնիսկ դավադրության մեջ: Այս իրավիճակում Արմեն Սարգսյանի պասիվությունը, փաստորեն, դարձել է որոշ ուժերի մատին փաթաթան, և նախագահը վերածվել է հարմար թիրախի բոլոր նրանց համար, ովքեր փորձում են իրավիճակից դիդվիդենտներ քաղել:

Հետևաբար՝ ակնհայտ է, որ այս իրավիճակում նախագահ Արմեն Սարգսյանը պարտավոր է այլևս ոմանց բերանը մեկընդմիշտ փակելու համար կոնկրետ քայլեր ձեռնարկել: Սա այն դեպքն է, երբ ավելոդ համեստությունը ոչ միայն անթույլատրելի է, այլև լավ առիթ է Սարգսյանի համար՝ փորձելու բարձրացնել սեփական կշիռը մի երկրում, որի հասարակությունն ի սկզբանե լուրջ հույսեր է կապել իր նախագահության շրջանի հետ՝ հաշվի առնելով ունեցած փորձն ու ազդեցիկ կապերն աշխարհով մեկ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.