Հրայր Թովմասյանին այլ ելք չի մնում

Հունիսի 21-ին լրագրողների հետ զրույցում Վահե Գրիգորյանը տեղեկացրել է, որ հանդիպումներ է ունեցել ՍԴ որոշ անդամների և Հրայր Թովմասյանի հետ:

«Հանդիպումներ եմ ունեցել և՛ երեկ, և՛ այսօր ՍԴ անդամների մի մասի և Հրայր Թովմասյանի հետ: Ինձ թվում է՝ կառուցողական էին Թովմասյանի հետ հանդիպումները»,- հայտարարել է Գրիգորյանը՝ հավելելով, որ Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններն ու պարտականությունները ստանձնելու մասին արված իր հայտարարությունը գործընկերների հետ առանձին զրույցների ընթացքում է քննարկում:

«Երբ ամենը կվերջանա, բոլոր հարցերի պատասխանները կլինեն»,-նշել է Վահե Գրիգորյանը:

Միաժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը, «Հայկական ժամանակ»-ի  հետ զրույցում անդրադառնալով Վահե Գրիգորյանի կողմից Հրայր Թովմասյանին նետված մարտահրավերին, կոչ է արել վերջինիս դիմել Վարչական դատարան, եթե համաձայն չէ Վահե Գրիգորյանի հետ:

«Պարոն Հրայր Թովմասյանին ես ճանաչում եմ երկար տարիներ և կարծում եմ՝ պարոն Թովմասյանի իրավագիտակցությունը ևս բարձր է, և ինքը կանի բոլոր անհրաժեշտ քայլերը, և եթե համաձայն չի լինի Վահե Գրիգորյանի հետ, որևէ կաշկանդվածություն չունի. կարող է դիմել Վարչական դատարան: Եթե դատարանը որոշի, որ Վահե Գրիգորյանը սխալ է, և գործադիրի կամ օրենսդիրի գործողությունները ճիշտ չէին, հետևաբար՝ այդպես կլինի»,-հայտարարել է պատգամավորը:

Վահե Գրիգորյանի՝ ԱԺ-ում արած աղմկահարույց հայտարարւթյունը բավական լայն քննարկման առարկա է դարձել, քանի որ տեղի է ունեցել, ըստ էության, չտեսնված մի բան:

Հիմա ամենաինտրիգային հարցը, թերևս, Հրայր Թովասյանի ճակատագրի խնդիրն է, քանի որ ակնհայտ է, որ երկրում ստեղծված իրողությունների պայմաններում Վահե Գրիգորյանի առաջ այժմ չկան արգելքներ կամ խոչընդոտներ: Միակ հարցը հետևյալն է՝ Հրայր Թովմասյանը կնախընտրի հեռանալ, այսպես ասած, խաղաղությա՞մբ, թե՞ անիմաստ դիմադրություն ցույց կտա՝ անտեղի բարդացնելով իրավիճակը:

Ընդ որում՝ երկրորդ պարագան նույնպես չի կարող փրկօղակ դառնալ Թովմասյանի համար, քանի որ Գրիգորյանը հայտարարել էր, որ անհամաձայնության դեպքում կանգ չի առնի և կդիմի իրավասու այլ կառույցների:

Մյուս կողմից՝ Գրիգորյան-Թովմասյան հակամարտությունը հետաքրքիր է մեկ այլ տեսանկյունից. եթե Թովմասյանն, այնուամենայնիվ, որոշի դիմադրություն ցույց տալ, ինչը, թերևս, քիչ հավանական է, արդյոք այդ դիմադրության աղբյուր չի՞ կարող դիտարկվել ՌԴ դեսպան Կոպրիրկինը՝ հաշվի առնելով այն, որ Քոչարյանին հանդիպելուց օրեր անց նա օրերս հանդիպում էր ունեցել նաև Թովմասյանի հետ, ինչը գնահատվել էր որպես աջակցություն՝ նրան: Սա բավական զգայուն խնդիր է՝ հատկապես հաշվի առնելով ՌԴ-ՀՀ նոր իշխանությունների՝ ոչ պակաս զգայուն դարձած հարաբերոթյունները: Այս առումով պետք է նկատել, որ նմանօրինակ իրավիճակում Թովմասյանի հնարավոր դիմադրությունը կարող է մեկնաբանվել որպես ռուս դեսպանի՝ ՀՀ ներքին գործերին միջամտության արդյունք՝ հայ-ռուսական հարաբերութունների համար դրանից բխող բոլոր տհաճ հետևանքներով:

Այնպես որ՝ Հրայր Թովմասյանը որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի նաև այսօրինակ նրբություններն ու ճիշտ հետևություններ անի՝ սեփական ամբիցիաները հայ-ռուսական հարաբերությունների գլխին «խաթա» չդարձնելու համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.