Նիկոլ Փաշինյանի կտրուկ նախազգուշացումը՝ վաշինգտոնյան հանդիպմանն ընդառաջ

«…Պատերազմը չի ավարտվել, ցանկացած պահի կարող է բռնկվել, իրավիճակի լարում լինել: Ադրբեջանը պարզապես ցանկանում է կիրառել նույն գործիքը, որը երկար ժամանակ կիրառել է՝ փորձ անել դուրս բերել հարցի կարգավորումը բանակցային հունից:

Հայաստանը պետք է դիմակայի այս գործիքին՝ նաև ԶՈւ պատրաստակամության մակարդակը բարձրացնելով: Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող մեզ վախեցնել»,-խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ հավելելով՝ ՀՀ-ն բանակցային գործընթացում իր դիվանագիտական ջանքերը շարունակում է մարտի 12-ին Ստեփանակերտում հռչակված սկզբունքների շրջանակներում:

Փաշինյանի խոսքերն ակնհայտորեն է՛լ ավելի բարձր արժեք են ձեռք բերում հունիսի 20-ին ընդառաջ, երբ Վաշնգտոնում կայանալու է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը՝ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ջոն Բոլթոնի հովանու ներքո:

Փաշինյանը, փաստորեն, ևս մեկ անգամ հստակեցնում է Հայաստանի կեցվածքը խնդրի առնչությամբ՝ հայտարարելով, որ պատերազմի սպառնալիքը հայկական կողմի համար կաշկանդիչ գոծոն չի կարող լինել:

Վաչապետի խոսքերն, անկասկած, հարկ է դիտարկել ոչ միայն արցախյան խնդրի, այլև, թերևս, տարածաշրջանում այժմ ընթացող տագնապալից պրոցեսների համատեքստում, քանի որ ինչպես վարչապետն էր իր խոսքում նկատել, Ղարաբաղի հարցը պետք է դիտարկել լայն կոնտեքստում. պատերազմի սպառնալիքը չի կարող ստիպել Հայաստանին արմատական փոփոխությունների գնալ տարածաշրջանային քաղաքականության հարցում՝ այդ ճանապարհին կայացնելով ազգային շահերին սպառնացող որոշումներ:

Գրեթե կասկած չկա, որ Վաշինգտոնում ականատես ենք դառնալու Դուշանբեում ձեռք բերված ու ամիսների կյանք ունեցած պայմանավորվածությունների չեղարկմանը: Փաշինյանի նախազգուշացումն, ըստ էության, վկայում է հենց  դրա մասին: Սակայն Փաշինյանն ասում է, որ Հայաստանն երբեք չի հայտնվելու խաղաղություն մուրացողի կարգավիճակում՝անկախ այն բանից, թե ով ինչ հաշվարկներ ունի՝ դրա հետ կապված և որոշում կայացնելիս առաջնորդվելու է բացառապես ազգային շահերի պաշտպանության դիրքերից՝ ունենալով  մարտունակ ու օրեցօր հզորացող բանակ: Ավելին՝ Հայաստանը շարունակելու է պնդել հեղափոխութամբ ասպարեզ իջած իր այն թեզը, որ արցախյան խնդրի կարգավորումն առանց բանակցային պրոցեսին Ստեփանակերտի մասնակցության, անհնար է լինելու: Իսկ թե ինչ վերաբերմունք ունի Բաքուն հայկական կողմի այդ թեզի հանդեպ, հայտնի է բլորին, այդ թվում՝ եռանախագահներին:

Ենթադրելի է՝ արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից հետո Ադրբեջանը սկսելու է է՛լ ավելի լկտի վարքագիծ  դրսևորել, ինչին Հայաստանը պետք է պատրաստ լինի, և Փաշինյանի հայտարարությունն, ըստ էության, հենց այդ մասին է, յուրատեսակ նախազգուշացում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.