Կասկածելի նախանշաններ. ի՞նչ ակնկալել «Գազպրոմից»

«Ինտերֆաքսը» հայտնում է, որ  հուլիսի 1-ից ռուսական «Գազպրոմը» արդյունաբերության և բնակչության համար գազը մտադիր է թանկացնել 1.4%-ով՝ կատարելով Ռուսաստանի դաշնային հակամենատիրական ծառայության մայիսի 13-ի հրամանը:

2018 թվականին գազի գինը ինդեքսավորվել էր 3.4%-ով, իսկ 2020 թվականին աճը կկազմի 3%։ 2019թ. ինդեքսիկացիայում հաշվի է առնվելու նաև ԱԱՀ աճը, որը, սկսած այս տարվա հունվարի 1-ից, 18%-ի փոխարեն կազմում է 20%։

2020-24թթ. Ռուսաստանի բնակիչների համար գնաճը չի գերազանցի 3%-ը։ 

Այս տեղեկությունն ուշագրավ է հատկապես Հայաստան մատակարարվող ռուսական գազի գների վերաբերյալ այժմ կողմերի միջև ընթացող բանակցությունների ֆոնին. խոսվում է այն մասին, որ հնարավոր է վերանայում տեղի ունենա՝ գազի գների հետ կապված, և գազի գինը Հայաստանի վերջնական սպառողի համար էժանանա:

Նախօրեին ոչ այնքան հուսադրող հայտարարությամբ էր հանդես եկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հայտարարելով. «Դա բավական բարդ հարց է, և շատ բաղադրիչներ կան, որոնք նշանակություն ունեն՝ գազի գնի վերջնական ձևավորման հետ կապված:  Ցանկացած հանդիպման ընթացքում այդ հարցը քննարկվում է, բայց ես չեմ կարող ասել, որ ունենք վերջնական պայմանավորվածություններ: Այդ պայմանավորվածություններն այս փուլում չէին էլ կարող ամփոփվել, որովհետև, գիտեք, որ նախ՝ բանակցությունների մի հատվածը վերաբերում է մարժային, այսինքն՝ տարիֆի ձևավորմանը ՀՀ տարածքում «Գազպրոմ Արմենիայի» կողմից, և երկրորդը՝ սահմանին գազի գնին, որը այլ բանակցությունների առարկա է: Շարժվում ենք այդ ուղղությամբ, և հույսով լինենք, որ հնարավոր կլինի սակագինը չբարձրացնել»:

Այսպիսով՝ արդեն իսկ կարելի է ոչ անհիմն կերպով ենթադրել, որ գազի գինը Հայաստանյան սպառողի համար չի էժանանա, քանի որ եթե «Գազպրոմը» ներքին սպառողի համար է մտադիր թանկացնել գազի գինն, ապա ի՞նչ հիմքով է Երևանը փորձելու գին գցել ռուսական կողմի հետ բանակցություններում: Ավելին՝ կա վտանգ, որ կարող է խոսք գնալ անգամ գների թանկացման մասին, ինչից հայկական կողմը, փաստորեն, փորձում է խուսափել ներկայումս վարվող բանակցությունների միջոցով:

Եթե, այնուամենայնիվ, գազի գները թանկանան՝ էժանանալու փոխարեն, ապա Հայաստանը ստիպված է լինելու լրջորեն մտածել այլընտրանքային ուղիների մասին: Խոսքն առաջին հերթին իրանական գազի մասին է:

Մյուս կողմից՝ կա հարցի աշխարհաքաղաքական կողմը, որը ստիպում է  ենթադրել, որ Ռուսաստանը չի գնա այնպիսի մի քայլի, որը կստիպեր Հայաստանին մտածել այլընտրանքային գազ ունենալու մասին, ուստի՝ ենթադրելի է, որ բոլոր դեպքերում որպես Երևանին արվող զիջում, Մոսկվան կբավարարվի կապույտ վառելիքի գները նույնը թողելով՝  այդ փաստը ներկայացնելով որպես միակ հնարավոր զիջում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.