Զասի հարցը լուրջ է դրված. Հայաստանն ու Ռուսաստանը կբախվե՞ն

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն, անդրադառնալով ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների՝ մայիսի 22-ի խորհրդի նիստին, որտեղ պետք է որոշվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է՝ hայկական կողմի դիրքորոշումը հայտնի է, և այն չի փոխվել:

«Հայկական կողմն ունեցել է մի քանի սկզբունքի հետ կապված դիրքորոշում: Դրանցից գլխավորն այն է եղել, որ կա իրավիճակ, երբ գլխավոր քարտուղարը դադարել էր պաշտոնավարել և կարգավորված չէ, թե դրանից հետո ինչ է լինելու: Հայտնել ենք մեր դիրքորոշումը, որ գործ ունենք չկարգավորվածության հետ և անհրաժեշտ է կարգավորել աշխատանքային կարգով ու նաև ըստ ռոտացիայի՝ կա ժամանակաշրջան և այդ ժամանակաշրջանում պատկանում է Հայաստանին»,- հայտարարել է Ռուբինյանը:

ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակն ուշագրավ է հատկապե Անդրկովկասում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի ֆոնին: Ադրբեջանն, որն այս տարվա ընթացքում արդեն տասներորդ զորավարժությունն է իրականացնում, որ բնավ չի թաքցնում իր ռևանշիստական ծրագրերն ու ողջ թափով պատրաստվում է պատերազմի, զուգահեռ լայնածավալ ինժեներական-շինարարական աշխատանքներ է իրականցնում սահմանին՝ ճանապարհ հարթելով սեփական բանակի համար: Ու չնայած թվում է, թե բանակցություններ, այնուամենայնիվ, ընթանում են, սակայն ակներև է, որ կողմերի դիրքորոշումների միջև որևիցե էական փոփոխություն տեղի չի ունեցել՝ բացառությամբ այն բանի, որ Երևանն ամեն գնով այժմ փորձում է Արցախի՝ բանակցությունների սեղանին վերադարձնելու վերաբերյալ Փաշինյանի հնչեցրած թեզը օրակարգ մտցնել, ինչն, ըստ էության, ենթադրում է  հայկական կողմի դիրքորոշման է՛լ ավելի կարծարցում:

Գաղտնիք չէ, որ Խաչատուրովի շուրջ ծավալված հայտնի պրոցեսների ու նրա հետկանչի արդյունքում աշխարհում իր ռազմական հզորությամբ երկրորդը հանդիսացող ՀԱՊԿ-ում ստեղծվել է ակնհայտ ճգնաժամային իրավիճակ, որը, բնականաբար, ձեռնտու չէ առաջին հերթին Ռուսաստանին: Բելառուսն էլ, օգտվելով առիթից, բավական տևական ժամանակ է՝ փորձում է սեփական թեկնածուին՝ ադրբեջանամետ Զասին, առաջ մղել՝ հայտարարելով, թե Հայաստանի ֆորսմաժորային քայլն այլևս զրկել է Երևանին «ձայն հանելու» իրավունքից: Սրան զուգահեռ, ինչպես հայտնի է, Հայաստանը հայտարարում է, որ մտադիր չէ գնալ որևիցե զիջման ու նպատակ ունի մինչև 2020 թվականը պահպանել սեփական նախագահությունը ՀԱՊԿ-ում՝ այն չզիջելով Մինսկին:

Եվ ահա այս ֆոնին է, որ մի քանի օրից քննարկման առարկա է դառնալու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը:

Ի՞նչ կարող է տեղի ունենալ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի առաջիկա նիստում այն դեպքում, եթե Երևանը կրկին համառի ու  ասենք վետո կիրառի Զասի հարցում:

Բանն այն է, որ ներկայում Հայստանի համար ՀԱՊԿ-ում ստեղծել է փաստացի պատային իրավիճակ. եթե Երևանը զիջում է ու հաստատում Զասին ՀԱՊԿ գլխավոր քարուղարի պաշոնում՝ միանալով ՀԱՊԿ անդամ մյուս երկրներին, ապա մի կողմից՝ արձանագրվելու է դիվանագիտական պարտություն՝ հակառակ ամիսներ ի վեր գործադրած ջանքերի, մյուս կողմից՝ ՀԱՊԿ ղեկավար է դառնալու մեկն, ում՝ Բաքվի հետ ունեցած վտանգավորության աստիճան սերտ կապերը հայտնի են բոլորին՝ պատերազմի շեմին կանգնած Հայաստանի համար դրանից բխող բոլոր վտանգներով ու ռիսկերով: Այս մարդը վաղուց վերածվել է ադրբեջանաբելառուսական եղբայրության յուրատեսակ խորհրդանիշի:

Պակաս վտանավոր չէ, սակայն, իրադարձությունների՝  վերոհիշյալ սցենարին հակառակ զարգացման պարագան: Եթե, այնուամենայնիվ, Երևանը շարունակի պնդել իր հայտնի թեզերն, իսկ նույն Ռուբինյանի խոսքերից կարելի է  ենթադրել, որ ամեն բան հենց այդպես էլ լինելու է, ապա լրջագույն վտանգի տակ կարող են հայտնվել հայ-ռուսական հարաբերությունները: Այս իմաստով ուշագրավ է որոշ փորձագետների այն համոզումը, որ մայիսի սկզբներին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սրացումներն ու դրանց՝ նույն Մեդվեդևի ու ՀԱՊԿ-ի կողմից այդպես էլ չհետևած արձագանքը նշան էր՝ Երևանին՝ «խելքը գլուխը հավաքելու»: Ռուսաստանում ակնհայտորեն նյարդայնանում են Հայաստանի պահվածքից՝ դրանում նշմարելով վտանգ՝ ՀԱՊԿ-ի հեղինակության դեմ ուղղված:

Ընդ որում՝ հայ-ռուսական հարաբերությունների խաթարման ողջ մեղքը Մոսկվան հաջողությամբ կարող է գցել անմիջապես Երևանի վրա՝ մատնացույց անելով ՀԱՊԿ-ում առկա ճգնաժամի հարցում ՀՀ իշխանությունների խաղացած անմիջական դերակատարությունը: Այսինքն՝ Հայաստանը բարոյական իրավունք չի ունենալու  Ռուսաստանին մեղադրելու և որևիցե հարցում:

Այնպես որ՝ իրավիճակն իսկապես վտանգավոր է, և մնում է միայն սպաել, թե ինչ հունով կզարգանան հետագա իրադարձությունները: Հուսանք՝ ոչ վատթարագույն սցենարով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.