Փաշինյանը՝ Չինաստանում. Հայաստանի բացառիկ հնարավորությունը

Եվրոպայում Դոնալդ Տուսկի կազմակերպած պաշտոնական ընթրիքից հետո վարչապետ նիկոլ Փաշինյանը, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ, մեկնել է Չինաստան՝ իր մասնակցությունը բերելու Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին: Չինաստան կատարած այցի շրջանակներում  նախատեսված է նաև Փաշինյանի հանդիպումներն այդ երկրի նախագահի և վարչապետի հետ:

Ինչպես հայտնի է, ապրիլին Պեկինում Չինաստանի նախաձեռնությամբ կայացել էր գլոբալ նշանակության միջազգային ֆորում՝ նվիրված «Մեկ ճանապարհ, Մեկ գոտի» մեգանախագծին: Դրանով ենթադրելի ներդրումների ծավալը գերազանցելու է 1 տրիլիոն ԱՄՆ դոլարը: Հիմնական նպատակը Եվրոպան Ասիային կապող ժամանակակից երեք լոգիստիկ, տրանսպորտային և կոմունիկացիոն միջանցքների ստեղծումն է, որն, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան աշխարհում չինական հեգեմոնիա հաստատելուն միտված խոշորագույն ծրագիր:

Ցավոք, շաբաթներ առաջ կայացած այդ միջոցառմանը Հայաստանը չէր բերել իր մասնակցությունն, ինչը որոշակի շրջանակների կողմից բավական սուր քննադատության ենթարկվեց, և նույնիսկ հնչեցին մեղադրանքներ, թե նոր իշխանությունները չեն գիտակցում Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների իրական գինը մի երկրի համար, որն այսօր փաստացի դուրս է մնացել տարածաշրջանային տնտեսական նախագծերից:

Փաշինյանի՝ Չինաստան կատարած այցը տեղի է ունենում բավական  ուշագրավ պայմաններում՝ Եվրոպա այցի ֆոնին: Ավելին՝ Հայաստանի վարչապետը փաստացի չի մասնակցելու մայիսի 14-ի Բրյուսելում տեղի ունեցող ԱլԳ վեհաժողովին՝ այդ ընթացքում, փաստորեն, գտնվելով Չինաստանում՝ հանգամանք, որը թեպետ կարող է թողնել հակասական տպավորություն, սակայն խորքային իմաստով բավական խոսուն է:

Հայաստանն ու Չինաստանն, անկասկած, միմյանց հարկավոր են չափազանց: Եթե Չինաստանի համար Հայաստանն այն արգելակող օղակն է, որն իր գոյությամբ խափանում է ոմանց պանթյուրքիստական պլանները, որոնց թիրախում, ինչպես հայտնի է, Ռուսաստանն ու Չինաստանն են՝ Իրանի հետ միասին, ապա Չինաստանը Հայաստանի համար կարող է ոչ միայն աշխարհաքաղաքական իմաստով կարևոր հենարան լինել՝ հաջողությամբ դիվերսիֆիկացնելով մեր երկրի արտաքին քաղաքականությունն, այլև լրջագույն նեցուկ դառնալ տնտեսական առաջընթացի իմաստով, որի կարիքն այսօր առավել քան զգացվում է: Անկասկած է, որ սեփական ազդեցությունն աշխարհի բոլոր անկյուններում տարածել փորձող գերտերություններից մեկը Հայաստանում նույնպես սեփական արմատներն ամրապնդելու խնդիր է տեսնում առաջին հերթին պոտենցիալ ներդրումների տեսքով. գերտերությունների կողմից այս կամ այն երկրում խոշոր ներդումներ արվում են ոչ միայն զուտ նյութական շահագրգվածությունից ելնելով, այլև, որ հաճախ է պատահում, աշխարհաքաղաքական, և այս առումով Չինաստանի հետ արդյունավետ համագործակցությունը հատկապես տնտեսական ոլորտում Հայաստանի համար կարող է չափազանց կարևոր լինել:

Հայաստանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ նոր մակարդակի բարձրացնելու հայ-չինական հարաբերությունները՝ տալով դրանց առավել համընդգրկուն տեսք ու բովանդակություն:

Վերջերս էլ՝ ապրիլին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեին և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը Փաշինյանը վերահաստատել էր Հայաստանի շահագրգռվածությունը՝ համակողմանիորեն  զարգացնելու  երկողմ հարաբերությունները: Միաժամանակ վարչապետը  շնորհակալություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշման համար՝ շեշտելով՝ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ «Մեկ Չինաստան» սկզբունքին:

Զրուցակիցները նաև մտքեր էին փոխանակել ՉԺՀ կողմից նախաձեռնված միջազգային և տարածաշրջանային ծրագրերի, մասնավորապես՝ «Մետաքսի մեծ ճանապարհ» և «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» նախաձեռնությունների շուրջ: Ողջունելով այդ ծրագրերը և կարևորելով դրանց տնտեսական նշանակությունը ՝ վարչապետը նշել էր, որ Հայաստանը պատրաստ է ներգրավվել դրանց իրագործման գործընթացում:

Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից պետք է չափազանց կարևոր համարել հատկապես 2015-ին կողմերի ստորագրած հռչակագիրը, ուր կետ առ կետ շարադրվել էին այն ուղղություններն ու շեշտադրումները, որոնց ուղղությամբ էլ փորձ էր արվելու զարգացնել երկկողմ հարաբերությունները. դրանում տեղ էին գտել ինչպես աշխարհատնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական բնույթի դրույթներ:

Փաշինյանի մայիսյան այցը՝ Չինաստան ունի բոլոր նախադրյալները՝ կարևոր հանգրվան դառնալու երկկողմ հարաբերությունների վերջին տասնամյակների  հոլովույթում:

 Հայաստանը, շնորհիվ երկրում տեղի ունեցած ժողովրդավարական հեղափոխության, որի արդյունքը դարձավ մեր երկրի՝ միջազգային արենայում ունեցած դիրքերի ու ինքնուրույնության ամրապնդումը, շատ ավելի անկաշկանդ է լինելու իր միջազգային գործընկերների հետ հարաբերությունների կառուցման ու դրանք անհրաժեշտ չափով խորացնելու, միմյանց միջև սինթեզելու հարցում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.