Գրավիչ առաջարկ՝ խորհրդարանական ընդդիմությանը

Անդրադառնալով Քոչարյանի՝ օրըստօրե ակտիվացող ջանքերին՝ վերածվելու Հայաստանում հակաիշխանական բևեռի ամենակարկառուն առաջնորդի, դառնալու, այսպես ասած, ինստիտուցիոնալ ընդդիմության առաջնորդ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ որևիցե մտավախություն այդ կապակցությամբ չունի:

«Որևէ մտավախություն չկա: Ես միայն ուրախ եմ որպես իշխանության ներկայացուցիչ, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է իր շուրջը միավորել ընդդիմությանը: Չեմ կարծում, որ դա կստացվի, որովհետեւ ինձնից էլ լավ գիտեք մարդկանց վերաբերմունքը և պարոն Քոչարյանի վարկանիշը»,-ասել է Սիմոնյանը՝ միաժամանակ նշելով, որ մրցակից է համարում պառլամենտական ընդդիմությանն, այլ ոչ թե բեկորներին:

«Reuters »-ին տված վերջին հարցազրույցում Քոչարյանը հայտարարել էր, որ պատրաստվում է միանալ արտախորհրդարանական հզոր հակաիշխանական բևեռին, որ ստեղծվելու է տեսանելի ապագայում և «ձեռնոց նետել» Փաշինյանի իշխանությանը:

Քոչարյանը սկզբունքորեն ոչ մի նոր բան, իհարկե, չի բացահայտել, այլ ընդամենը մի փոքր որոշակիացրել է  ապագայի հետ կապված պլանները:

Այս իմաստով հարց է առաջ եկել, թե ունի՞, արդյոք, երկրորդ նախագահն իրական շանսեր՝ ներկա Հայաստանի իրողությունների պարագայում իսկապես այլընտրանք դառնալու ժողովրդի մերկ ձեռքերի վրա իշխանության եկած քաղաքական թիմին՝ հաշվի առնելով այն, որ Քոչարյանի շուրջ համախմբվելիք ուժերն ու դեմքերը հաստատ Լուսնից չեն իջնելու:

Ալեն Սիմոնյանը, փաստորեն,  հայտարարում է, որ որևիցե վտանգ ինքն իշխանությունների համար չի տեսնում՝ ի դեմս վարկաբեկված Քոչարյանի, մյուս՝ կողմից հրավեր է հղում խորհրդարանական ընդդիմությանը՝ է՛լ ավելի համակարգված գործելու, կենսունակ գտնվելու:

Սիմոնյանի հղած այսօրինակ հրավերի դրդապատճառները հասկանլի են. որքան կենսունակ լինի խորհրդարանական ընդդիոմությունն, այնքան արտախորհրդարանական ուժերին քիչ շանս կմնա՝ հաջողություն գրանցելու, ինչն էլ, իր հերթին, կչեզոքացնի նախորդ համակարգը սպասարկած ուժերից բխող պոտենցիալ վտանգը՝ ջլատելով Քոչարյանի ներուժը՝ որքան էլ այն այժմ չնչին թվա:

Բացի այս ամենը՝ հարցի մեկ այլ կողմ նույնպես կա: Բանն այն է, որ աշխարհում գոյություն չունի ու չի ունեցել որևիցե իշխանություն, որը հավերժական բնույթ կրի, և վաղ թե ուշ ներկա իշխանությունները նույնպես ստիպված են լինելու սեփական մաշկի վրա զգալ քաղաքագիտական այս տարրական օրենքի  ներգործությունը: Խնդիրն այս պարագայում մի փոքր այլ է. գերխնդիր է կանխարգելել հին, մերժված համակարգի վերադարձն, իսկ այդ բացառելու ամենաճիշտ ճանապարհը նույն խորհրդարանական ընդդիմության կենսունակության ապահովումն է: Խորահրդարանում այն ուժերն են, որոնք ուղղակիորեն մասնակցություն են ունեցել հեղափոխության ինստիտուցիոնալիզացման ողջ գործընթացին՝ չհակառակվելով հասարակության պահանջին և այդպիոսով ապացուցելով, որ իրենք էլ են մերժում նախկին համակարգը՝ միտված լինելով ապագային:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.