Դիվերսիա՝ Փաշինյանի դեմ. ո՞ւմ պատվերն են կատարում Արցախի ներկա ու նախկին ղեկավարները

Արձագանքելով ԱՀ նախագահ Բակո Սահակյանի ու Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի՝ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված դիմումին՝ մայիսի 9-ին Հաղթանակի տոնին ընդառաջ փոխելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը, ապահովելու նրա՝ Հաղթանակի տոնակատարություններին Արցախում ներկա լինելը,  ՀՀ գլխավոր դատախազությունը մերժողական պարզաբանում է ներկայացրել՝ նշելով՝ քանի որ տվյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետևաբար՝ Նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից:

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո հանրային լայն քննարկման առարկա դարձավ այն հարցը, թե ինչ փոխհարաբերություների մեջ են գտնվելու միմյանց հետ ՀՀ-ի ու ԱՀ-ի քաղաքական էլիտաները՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ Արցախում դեռևս պահպանվում է նախահեղափոխական Հայաստանի քաղաքական համակրգին բնորոշ տրամաբանությամբ կառուցված իշխանական բուրգը՝ ակնհայտորեն հակասության մեջ մտնելով հայաստանյան նոր իրողությունների հետ:

Բազմիցս է խոսվել այն մասին, որ միմյանց հակասող համակարգերի գոյության պարագայում թե՛ Հայաստանից ու թե՛ արցախյան կողմից հատուկ ջանքեր են պահանջվում՝ պահպանելու այն ներդաշնակ հարաբերությունները, որոնք պատմականորեն ձևավորվել են երկու պետությունների միջև: Հարաբերություների բնականոն հունն ու երկուստեք փոխըմբռնելի կեցվածքն այն կարևոր առհավատչյաններն են, որոնք թույլ են տալու փորձություններով լի այս ժամանակներում արդյունավետորեն դիմակայել մարտահրավերներին:

Եվ ահա հարաբերությունների փխրունության, նոր-նոր հաղթահարվող վստահության ճգնաժամի ֆոնին հանկարծ ստացվում է լուր այն մասին, որ Սահակյանն ու Ղուկասյանը ձեռնամուխ են եղել հայ հասարակության կողմից խորապես մերժելի, ինքն իրենով հակահեղափոխության մարմնացում հանդիսացող Քոչարյանի համար  օրենքի առաջ բարեխոսելուն:

Ի՞նչ իմաստ են դրել ներկա ու նախկին նախագահներն իրենց այս քայլի հիմքում, արդյոք սա յուրատեսակ քողարկված սաբոտաժ չէ՞ Փաշինյանի դեմ, որ կոչված է խորացնելու երկու պետությունների ղեկավարությունների և, ինչո՞ւ չէ, հասարակությունների միջև գոյացած ու նոր-նոր հաղթահարվող վիհը: Իսկ միգուցե սա նույն Քոչարյանի պատվերով օրենքին ու Փաշինյանին նետված ձեռնո՞ց է՝ հետագայում հակափաշինյանական քարոզն է՛լ ավելի խորացնելու ու այն հարստացնելու, այսպես ասած, նոր «փաստարկներով». իբր Փաշինյանն այնքան վատն է, որ անգամ  միասնությանը նպաստող խորհրդանշական ժեստ անելուց է խուսափում՝ ավելորդ անգամ ջլատելով Հայաստան-Արցախ կապերն ու հող նախապատրաստելով «տարածքներ հանձնելու» համար (կասկած չկա, որ ՀՀ գլխավոր դատախազության մերժումը ընդդիմության քոչարյանական հատվածը ներկայացնելու է որպես Փաշինյանի անձնական հրաման):

Չէ՞ որ քոչարյանական պրոպագանդայի գլխավոր տրյուկը Փաշինյանին հող «հանձնողի պիտակ» կպցնելն է, ներկայացնելը որպես մի գործիչ, ով, բացի «պոպուլիստական» խոստումներ տալուց, ուրիշ ոչինչի ընդունակ չէ:

Ինչ էլ լինի, ՀՀ գխավոր դատախազության արձագանքը՝ համապատասխան ուղերձին միանշանակորեն ողջունելի է, քանի որ այն հիմնավորվում է բացառապես օրենքով: Խնդիրը չի անձնավորվում կամ սուբյեկտիվորեն երանգավորվում, այլ ընդամենն ամրագրվում է  օրենքից բխող իրողությունն ու այդպիսով ապացուցվում՝ օրենքը բացարձակ արժեք է այս երկրում, որին ենթակա են անխտիր բոլորը՝ անկախ երբևէ զբաղեցրած պաշտոններից ու  տիտղոսներից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.