Երևանի ուղերձը՝ Նեթանյահուին. խաղաղության առաջարկ

Իսրայելական  Jerusalem Post-ին տված հարցազրույցում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Ադբրեջանին իսրայելական զենքի վաճառքի հարցին:

«Դա եղել և մնում է մտահոգության լուրջ առիթ մեզ համար: Իսրայելի զենքի վաճառքը մեր ժողովրդի համար մահացու միջոց է: Մենք ականատեսն ենք եղել, թե ինչպես է այդ զենքն օգտագործվում մեր իսկ ժողովրդի դեմ: Մենք մտահոգվում ենք անվտանգության հարցով և բացարձակապես վստահ ենք, որ կարող ենք պաշտպանել ինքներս մեզ, և դուք շատ լավ գիտեք, թե դա ինչ է նշանակում: Միևնույն ժամանակ, մենք հանձնառու ենք զարգացնել խաղաղություն և անվտանգություն մեր տարածաշրջանում»:

Մնացականյանն իր խոսքում ընդգծել է, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը ոչ մի կերպ չի կարող նպաստել խաղաղության ու անվտանգության կառուցմանը:

Լրագրողի դիտարկմանը, որ Հայաստանը լավ հարաբերությունների մեջ է Իրանի հետ, որն Իսրայելի համար թշնամական պետություն է, ՀՀ արտգործնախարարը նկատել է, որ Երևանը հաստատակամ է՝ հարաբերություններ կառուցելու մի գործընկերոջ հետ՝ առանց բացառելու մյուսին:

«Սակայն մենք ակնկալում ենք, որ մեր բոլոր գործընկերները վարվեն նույն կերպ: Մենք նաև շատ զգայուն ենք մեր գործընկերների զգայունությունների նկատմամբ»,-հայտարարել է Մնացականյանը:

Իսրայելն աշխարհի այն երկրներից է, որի հետ Հայաստանի հարաբերությունները բավական սառն են: Չնայած դրանց իրական պոտենցիալին, որի մասին, ի դեպ, ՀՀ արտգործնախարարը խոսել է վերոհիշյալ հարցազրույցում, «սայլը տեղից չի շարժվում», թեպետ երկու ժողովուրդների հարաբերությունները եղել ու մնում են բարեկամական:

Վերջին շրջանում Իսրայելի մոտ կարծես նկատվում էր որոշակի շահագրգռվածություն՝ զարկ տալու, գրեթե մեռյալ կետից շարժելու երկկողմ հարաբերությունները: Նույնիսկ խոսք էր գնում տնտեսության մի շարք ճյուղերում փոխգործակցություն զարգացնելու մասին, իսկ որպես բարի կամքի դրսևորում հայկական կողմից հնչել էին հայտարարություններ այն մասին, որ Երևանը, նույնիսկ խախտելով փոխադարձության սկզբունքը, մտադիր է դեսպանատուն բացել Իսրայելում՝ չսպասելով Երևանում Իսրայելի դեսպանատան ստեղծմանը:

Մնացականյանի խոսքերում, սակայն, ակնհայտորեն արտացոլված են իրական մտահագություններ՝ կապված Բաքվի ու Թել Ավիվի միջև զարգացող ռազմատեխնիկական հարաբերությունների հետ, որոնք, փաստորեն, ուղղված են ընդդեմ Հայաստանի ու Արցախի և էականորեն խաթարում են տարածաշրջանային հավասարակշռությունն ու ռազմատեխնիկական բալանսը:

ՀՀ արտգործնախարարն բացահայտ հայտարարում է, որ Երևանն այս համագործակցությունը դիտարկում ու համարում է որպես մարտահրավեր՝ նետված սեփական անվտանգությանը՝ խնդրելով իսրայելին վերանայել Բաքվի հետ գործակցության խորությունն առնվազն այնտեղ, ուր կա ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք:

Մնացականյանի շեշտադրումներն իրականում վկայում են այն մասին, որ Երևանում կա համոզմունք, որ Բաքվի լկտիացող վարքագծի հարցում փոքր չէ նաև Իսրայելի դերակատարությունը: Ավելին՝ Մնացականյանի խոսքերը կարելի է անգամ կոդավորված ուղերձ համարել՝ Իսրայելի ղեկավարույանը՝ զերծ մնալու Արդբեջանին ոգևորելուց, տարածաշրջանն ապակայունացնելուց:

Ինչ խոսք՝ Թել Ավիվի համագործակցությունն Ադրբեջանի հետ Իսրայելի տեսանկյունից ուղղված չէ Երևանի դեմ. այդ հարաբերություններն ուղղված են Թեհրանի դեմ, ինչի մասին, ի դեպ, շատ լավ գիտեն նաև հարևան Իրանում, սակայն այս պարագայում Ալիևը կարողանում է իրավիճակը ծառայեցնել իրեն ու «զենքը թեքել» Հայաստանի ու Արցախի կողմը՝ հենց այդ անելու իրավունքի շնորհումը համարելով այն գինը, որ Իսրայելը պետք է վճարի Բաքվի հետ հակաիրանական  բարեկամության համար:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային կայունությանն ու դրանում Իսրայելի դերին, ապա գաղտնիք չէ, որ Իսրայելը, որի ստրատեգիական նպատակներից մեկն Իրանին ծնկի բերելն է, Անդրկովկասը դիտարկում է գլխավորապես որպես ռազմական հենակետ, որտեղից հակաիրանական ռազմարշավի պարագայում կարող է հարվածներ հասցնել Իրանի տարածքին. Անդրկովկասում պատերազմի բռնկումը կարող է խթան հանդիանալ Իսրայելի հակաիրանական նպատակները կյանքի կոչելու համար: Ահա այս է պատճառը, որ Իսրայելը չի շտապում օժանդակել Հարավային Կովկասում  խաղաղութան պահպանմանը՝  հույս ունենալով Ադրբեջանին օգտագործել ընդդեմ Թեհրանի, իսկ եթե հնարավոր լինի նաև Հայաստանը դարձնել  հենակետ, ինչը, սակայն, բոլորն էլ հասկանում են, որ անհնար է՝ պայմանավորված հայ-իրանական հարաբերությունների բնույթով:

Իհարկե, Մնացականյանի ուղերձը հստակ է. Հայաստանն Իսրայելին առաջարկում է պատերզմելու ու քաոս սերմանելու փոխարեն համագործակցել՝ երաշխավորելով, որ հայ-իրանական հարաբերությունները որևիցե պարագայում չեն բանեցվի Իսրայելի դեմ կամ բացասաբար չեն անդրադառնա երկկողմ հարաբերություների վրա:

Մնացականյանի հարցազրույցն ու, մասնավորապես, դրանում տեղ գտած ուղերձներն է՛լ ավելի ուշագրավ  ու խոսուն են դառնում հատկապես թուրք-ազերիական զորավարժությունների ու վերջին օրերին նկատվող լարվածության աճի ֆոնին: Ավելին՝ այն, որ դրանց զուգահեռ Մնացականյանը շտապում է ուղերձ հղել իսրայելական ղեկավարությանն, ինքնին կարող է վկայել այն մասին, որ լարվածության հերթական ալիքի բռնկման հարցում Թել Ավիվի խաղացած դերն ամեևին էլ փոքր չէ:

Հայաստանը կոչ է անում Իսրայելին «կրակի վրա յուղ չավելացնել»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.