ՃՈ պետը՝ կայանատեղերի և խցանումների խնդրի մասին

Երևան քաղաքում այսօր իրականում խնդիր կա և՛ կայանատեղերի, և՛ ընդհանրապես երթևեկության հետ կապված: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՃՈ պետ Եգոր Կարապետյանը:

Նրա խոսքով՝  2017 թվականին ՀՀ տրանսպորտային պարկն ավելացել է  38 260 տրանսպորտային միջոցներով, 2018 թվականին 73 562-ով, իսկ 2019 թվականին այս պահի դրությամբ 32 115 տրանսպորտային միջոցով: 

«Այս տրանսպորտային միջոցների գոնե 50 տոկոսն օգտագործվում է Երևան քաղաքում: Պարզ հաշվարկով տրանսպորտային միջոցով երկու տարի երեք ամսում 420 կմ տրանսպորտային միջոց գտնվում է Երևան քաղաքում, իսկ եթե դա վերածենք քառակուսի մետրի՝ մոտավորապես 110 հա տրանսպորտային միջոց միայն Երևանում է, իսկ եթե վերածենք դա հրդեհային նորմերը պահելուն, այսինքն` 15 քառակուսու փոխարեն լինի 24 քառակուսի մետր, նշանակում է՝ 170 հա Երևանում տարածք է պետք, որպեսզի Երևանում օգտագործվող տրանսպորտային միջոցները կայանվեն»,- ասաց ՃՈ պետը:

Հարցին՝ հնարավոր չէ՞ կանգառում կայանելու մեկ րոպե թույլտվությունը դարձնել հինգ րոպե, Եգոր Կարապետյանը պատասխանեց, որ կարելի է տասը րոպե էլ թույլատրել: «Պատկերացրեք, այսօր մենք տվել ենք մեկ րոպե, բայց երթևեկության հետ կապված նմանատիպ խնդիրներ են առաջացել, եթե ևս մեկ րոպե էլ ավելացնենք, խցանումները կրկնակի կլինեն»,- ասաց նա:

Ի պատասխան հարցի, թե լուծումն ինչպես են պատկերացնում, նա ասաց, որ պետք է տրանսպորտային միջոցները կայանեն հատուկ հարմարեցված տեղերում կամ վճարովի կայանատեղերում:

Դիտարկմանը՝ հաճախ տաքսու վարորդներն են այդ կայանատեղերում կանգնել, և թույլ չեն տալիս, որևէ մեկն այդտեղ կանգնի, Եգոր Կարապետյանը պատասխանեց, որ արդեն 2.5 տարի է՝ ճանապարհային ոստիկանությունը Երևանի քաղաքապետարանի հետ մեծ ծավալի աշխատանք է կատարում տաքսիների կայանտեղիների հետ կապված:

«Նրանք հարց էին բարձրացնում, որ տեղ չունեն կայանելու. այդ հարցը կարգավորել ենք, սակայն կան տրանսպորտային միջոցներ, այդ թվում տաքսիները, որոնք բոլորիս աչքի առաջ շատ-շատ խախտումներ են անում: Դրա համար այս բալային համակարգն ենք ուզում օր առաջ կյանքի կոչել, որպեսզի բոլորը հասկանան՝ իրենք վարորդական իրավունքից կզրկվեն, եթե հաճախակի կատարեն նմանատիպ խախտումներ»,- նշեց  նա:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ ասաց, որ չկա մի խոշոր քաղաք, որի առաջ կայանատեղիի և խցանման խնդիր ծառացած չլինի: «Իսկ Երևանում խցանում չկա, դա կարելի է ասել, որ դանդաղ ընթացք է, որովհետև ի տարբերություն այլ խոշոր քաղաքների, մենք Երևանում խցանում չենք ունենում, որ ժամերով երթևեկությունը կանգնած մնա, այստեղ ուղղակի դանդաղում է, իսկ դա բոլոր խոշոր քաղաքներին բնորոշ խնդիր է»,- ասաց Ահարոնյանը:

Եգոր Կարապետյանն էլ հավելեց, որ իրենք վերլուծություն են իրականացրել մի քանի օր առաջ կրկեսի խաչմերուկում: «Վերցրել ենք մեկ երթևեկելի գոտին և վերլուծություն ենք իրականացրել: Պարզվել է, որ 450 մեքենայի փոխարեն այդտեղ երթևեկում է 875-ից 925 մեքենա, այիսնքն՝ կրկնակիից ավել»,- եզրափակեց նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.