«Իմ քայլը» շարժման ժամանակ ոստիկանները խախտումներ են թույլ տվել, եղել են բռնության դեպքեր». ՄԻՊ զեկույց

2018թ.-ի մարտի 31-ից «Իմ քայլը» շարժման ժամանակ արձանագրված գործընթացը պատմական նշանակության փոփոխություն էր, որը ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տվեց  խաղաղ գործողություններում իր կամքն արտահայտել:

Aravot.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով 2018թ.-ի տարեկան զեկույցը: Թաթոյանը նշեց, որ ոստիկանների գործողություններում խախտումներ են արձանագրել. «Ոստիկանական բաժանմունքներում արձանագրվել են բռնության դեպքեր: Հաճախ բերման ենթարկելը կրել է ձեւական բնույթ եւ իրականացվել խախտումներով, օրինակ՝ առանց քաղաքացու խախտումը հիմնավորելու»,-տեղեկացրեց ՄԻՊ-ը:

Նա արձանագրեց, որ ըստ տեղեկությունների՝ «Իմ քայլը» ժողովրդական շարժման հավաքների վայրում քաղաքացիական հագուստով ոստիկաններ են եղել, մինչդեռ հավաքի վայրում ոստիկանը պետք է տարբերվի քաղաքացուց: Ըստ Արման Թաթոյանի՝ խնդրահարույց էր նաեւ այն, որ սոցցանցերում ատելության եւ բռնության, սպառնալիքի կոչեր են տարածվել՝ օգտագործելով ոստիկանների խախտումների դեպքերը. «Տարածվում էին տեսանյութեր՝ ոստիկանական ծառայողների արժանապատվությունը նսեմացնելու կոչերով: Սա անթույլատրելի է եւ լարվածության է հանգեցնում: Այդ օրերին նաեւ կեղծ օգտատերերն էին բռնության կոչեր տարածում»: 


 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.