Վանեցյանը գնաց Սանասարյանի հետևից. Փաշինյանը՝ փորձության առաջ

ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանին:

Ըստ ԱԱԾ-ի՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՊՎԾ ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Քննիչի կողմից այսօր որոշում է կայացվել ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է Հայաստանի վարչապետին:

Այսպիսով՝ առողջապահության փոխնախարարից հետո Սանասարյանը հերթական բարձրաստիճան պաշտոնյան է, ում նկատմամբ գործ է հարուցվում, մեղադրանք առաջադրվում: Նրան փաստացի մեղադրում են կոռուպցիոն գործարքների գնալու մեջ:

Սանասարյանի  մեղավոր կամ անմեղ լինելն, իհարկե, դատարանի քննելիքն է, և կասկած չկա, որ ճշմարտությունը լիարժեքորեն «ջրի երես է դուսր գալու», սակայն այստեղ հարցը ոչ միայն խնդրի իրավական կողմն է, այլև  դրա քաղաքական երեսը:

Այն բանից հետո, երբ Փաշինյանի ջանքերով պատասխանատվության ենթարկվեց վարչապետի հարազատը, պարզ դարձավ, որ Փաշինյանի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի հարցում որևիցե ներում-բեկում չի լինելու, և արդեն իսկ գործնականում կարելի է համոզվել, որ ամեն բան իսկապես այդպես է:

Միևնույն ժամանակ խնդիրն, ինչպես նշվեց, հետաքրքրական է նաև ներիշխանական կոնյուկտուրայի իմաստով: գաղտնիք չէ, որ «Իմ քայլն» ամենևին էլ միատարր ուժ չէ. դրանում զգալի ներկայություն ունեն հատկապես արևմտյան կոնկրետ կենտրոնների հետ կապեր ունեցող մարդիկ, ովքեր իրենց գործուն մասնակցությունն են բերել թավշյա հեղափոխությանը: Սանասարյանն, ըստ էության, իշխանական հենց այդ թևի ամենակարկառուն ներկայացուցիչներից է, ում կապերը վերոհիշյալ արևմտյան կենտրոնների հետ ուղղակի անհերքելի են, և սա հանրահայտ ճշմարտություն է:

Ինչպե՞ս կընկալվի սեփական անձի արդարության մեջ համոզված Սանասարյանի շուրջ ընթացող իրավական գործընթացը հատկապես իշխանության մեջ համապատասխան թևի կողմից, կամ այս ամենը Սանասարյանին դուրս կբերի՞ Փաշինյանի դեմ՝ առաջ բերելով ներիշխանական ճեղք, թե՞  կհաջողվի խուսափել վատագույն սցենարից ցանկացած պարագայում, և ոչ ոք Փաշինյանին չի մեղադրի ասենք Ռուսաստանի «թելը թելելու» մեջ (ռուսական կողմը չի թաքցնում իր դժգոհությունը Հայաստանի պետական կառավարման համակարգում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայության հետ կապված)՝ գործընթացն ընկալելով օրենքի գերակայության երաշխավորման կոնտեքստում:

Անկախ ամեն ինչից պետք է ողջունելի համարել իրավապահների սկզբունքայնությունը՝ արմատախիլ անելու կոռուպցիան պետական կառավարման համակարգից՝ անկախ այն հանգամանքից՝ ով ինչ պաշտոն ունի, ով ինչ դիրք է զբաղեցնում այդ համակարգում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.