Չկա գյուղատնտեսության ճյուղ, որտեղ պետությունը ֆինասական ռեսուրս չի տրամադրել.Գեղամ Գևորգյան

Ապրիլի 15-ին  լրագրողների հետ հանդիպմանը նախարար Գեղամ Գևորգյանը խոսեց գյուղոլորտում արված-չարվածի մասին:  Նրա խոսքով՝ երբ այս համատեքստում կատարվում են ուսումնասիրություններ, պարզ է դառնում, որ ժամանակակից տնտեսության պատվերը բավարարող համապատասխան կառույցներ չունենք։

«Նախաձեռնել ենք ինֆորմացիոն վերլուծական կենտրոնի ստեղծման գործը, որի նպատակն է շուկաների վերլուծությունը, գոտիականության վերլուծությունը, տվյալների վերլուծությունը, որոնք կտրամադրենք մեր ֆերմերներին։ Շատ հաճախ նկատում ենք, որ մարդիկ տեղյակ չեն, թե ինչ պետք է արտադրել ու որտեղ պետք է արտադրանքը վաճառել»,- ասաց նա։

Ինստիտուցիոնալ բարեփոխումներ մեջ Գևորգյանն առանձնացեց նաև վարչական ռեգիստրների ներդրումը՝ անասունների համարակալումը։ Ըստ նրա՝ սա հնարավորություն կտա օնլայն ռեժիմով տեսնել, թե որտեղ ինչ է կատարվում։ Ինչ վերաբերում է պետական օժանդակության ծրագրերին, նա նշեց, որ գնում են 2 ուղղությամբ՝սուբսիդավորում ու վարկային ռեսուրսներ, ինչպես նաև ուղիղ ֆինանսավորում։

«Այսօր չկա գյուղատնտեսության ճյուղ, որտեղ պետությունը ֆինասական ռեսուրս չի տրամադրել։ Շատ է բարձրացվում հարցը, որ գյուղացիական տնտեսություններն այս կամ այն ձևով ծանրաբեռնված են վարկային բեռով կամ գրավի համապատասխան առարկա չունեն, որ օգտվեն այս ֆինանսական ռեսուրսից։ Սրա համար մինչև 5 մլն դրամ վարկը տրվում է երաշխիքով»,- նշեց Գևորգյանը։

Վերջինս ռազմավարական փոփոխությունների մեջ կարևորեց նաև հողային ռեֆորմները. դա հիմնականում հողերի խոշորացում է ենթադրում։

«Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում վարելահողերի 40 տոկոսն այս կամ այն պատճառով չի օգտագործում՝ սեփականատերերի 20 տոկոսը ՀՀ-ում չեն, մյուս մասն էլ արդյունավետ չի համարում մշակումը։ Պետք է լինի հողային ռեֆորմի գույքագրում: Կլինեն նաև օրենսդրական փոփոխություններ, որով պարտադիր կլինի հողերի վարձակալումը։ Սա չի նշանակում, որ մարդուց խլում ենք սեփականությունը, այլ մարդը կմնա սեփականատեր, բայց եթե չի օգտագործում հողը, ապա կտա վարձով։ Կլինի հողերի միավորում, քանի որ մարդիկ կան, որ մեկ հեկտար հող ունեն, բայց միմյանցից անջատ։ Կկոնսոլիդացնենք՝ Ա-ն ու Բ-ն փոխանակում կանեն։ Եթե գյուղացին ցանկանում է վաճառել հողը, բայց գնորդ չունի, ապա պետությունը կգնի և փաթեթով կվաճառի»,- ընդգծեց նա։

Գեղամ Գևորգյան նաև կարևորեց նաև ռիսկերի մեղմումը, քանի որ գյուղատնտեսությունն ինքին ռիսկային գործունեության տեսակ է։ Նրա գնահատմամբ, եթե ռիսկերը ճիշտ կառավարվեն, ապա կարող են մեղմել խնդիրները՝ կանխարգելել հիվանդությունները և այլն։

Նա նաև շեշտակի դրական փոփոխություն համարեց ապահովագրության ինստիտուտի ներդրումը։ Նրա խոսքով՝ լրջագույն փոփոխություններ են լինելու, ավելին՝ այս տարի պիլոտային ծրագրում արդեն 6 մարզ է ներառվել։

«Քայլեր են կատարվում նաև բնական աղետներից պաշտպանելու համար: Պետք է խուսափել բերքի կորուստներից, հետևաբար պետք է կիրառել բարձր տեխնոլոգիաներ՝ ցանցեր, հակակարկտային կայանների ցանցերը պետք է ուսումնասիրել։ Իրականում, մեզ համար դեռ պարզ չէ, թե հակակարկտային համակարգն ինչ արդյունք է տալիս»,- եզրափակեց Գեղամ Գևորգյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.