Մոսկվայի պայմանը՝ Փաշինյանին

Ինչպես հայտնի է, միառժամանակ առաջ բավական ակտիվորեն խոսվում էր ՌԴ-ից Հայաստան մատակարարվող գազի գների իջեցման ռեալ հնարավոության մասին: Իշխանությունները հայտարարում էին, որ նման շանս իսկապես կա՝ հիմնավորելով սեփական տեսակետն այն իրողությամբ, որ վերջնական սպառողին մատակարարվող գազի գնի ներկայիս բարձր մակարդակը մեծապես պայմանավորված է ներքին մանիպուլյացիաներով:

Հիմա կարծես այնքան էլ չեն խոսում գազի գների իջեցման հեռանկարների մասին, ինչն, ենթադրելի է, պայմանավորված է  ռուսական կողմի հետ տարվող բանակցությունների՝ փակուղի մտնելով:

Այս իմաստով բավական ուշագրավ է ստացվել «168 ժամ» թերթին «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական և քաղաքական վերլուծաբան, ռուսական իշխանական շրջանակների հետ սերտագույն կապերի մեջ գտնվող Իգոր Կորոտչենկոյի հարցազրույցն, ուր ռուս վերլուծաբանն, առանց ավելորդ ռեվերանսների, հստակորեն շարադրել է Մոսկվայի պայմանը՝ Փաշինյանին, եթե Երևանը ցանկանում է  ՌԴ-ից ստանալ ավելի էժան գազ:

«Ակնհայտ է, որ, երբ Փաշինյանը սիրախաղ է իրականացնում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի հետ, ակնկալել գազի գների իջեցում՝ իրատեսական չէ: Եթե Հայաստանն անում է միանշանակ շրջադարձ` 100 տոկոսով դեպի Ռուսաստան, դադարեցնում է սիրախաղ անել Արևմուտքի հետ, այդ դեպքում ՌԴ-ն այլ քաղաքականություն կվարի: Դուք տեսնում եք՝ ինչպես է փոխվում ՌԴ քաղաքականությունը Բելառուսի նկատմամբ, փոխվում է նաև Հայաստանի նկատմամբ, նկատի ունեմ էներգակիրների գները: Եթե վարվում է բազմավեկտոր քաղաքականություն, ապա ստացեք գազ այն գնով, ինչ ստանում եք, խոսք չի կարող լինել իջեցման մասին: Մենք տեսնում ենք ՀՀ կառավարության ճնշումը ռուսական երկաթուղիների, «Գազպրոմի» ուղղությամբ, ՀՀ-ն ՀԱՊԿ գործընկերն է, բայց «ՆԱՏՕ-ի շաբաթ» է անցկացնում: Բազմավեկտոր քաղաքականության  դեպքում ՌԴ-ն չի տալու տնտեսական արտոնություններ Հայաստանին: Սա նոր իրականություն է, որում ապրում ենք, նման արտոնություններ կարող է ակնկալել, նման արտոնությունների կարող է հավակնել միայն այն գործընկերը, որը միանշանակ հիմնվում է Ռուսաստանի վրա, և ոչ՝ խոսքերով, այլ՝ իրական քաղաքականությամբ, քանի որ շատ խոսքեր են ասվում Փաշինյանի կողմից, Լուկաշենկոյի կողմից, բայց քաղաքականությունն այլ է: Ուստի՝ ՌԴ-ն առաջնորդվում է ոչ թե՝ խոսքերով, այլ՝ պրակտիկ գործողություններով»,-թերթի հետ զրույցում, մասնավորապես, հայտարարել է Կորոտչենկոն:

Կրեմլի հետ մերձավորագույն կապեր ունեցող փորձագետը, փաստրեն, ուղղակիորեն հայտարարում է, որ ռուսական գազի գնի հարցը բացառապես աշխարհաքաղաքական խնդիր է:  Ավելին՝ Մոսկվայի չկամությունը՝ գազի գինն իջեցնելու, Կորոտչենկոն հիմնավորում է ակնհայտ մանիպուլյատիվ  հայտարաություններով՝ «ձվի մեջ մազ փնտրելու» տրամաբանությամբ: Ընդ որում՝ ուշագրավն այստեղ այն է, որ նա զուգահեռներ է անցկացնում Փաշինյանի ու Լուկաշենկոյի միջև՝ Երևանի նկատմամբ կոշտ վերաբերմունքը նաև հիմնավորելով այն փաստով, որ իբր Բելառուսի ուղղությամբ Մոսկվան նույնպես կոշտ քաղաքականություն է վարում՝ մոռանալով, սակայն, նշել այն բազմաթիվ արտոնություններն ու աջակցությունը, որ Մոսկվան տասնամյակներ ի վեր ցուցաբերում է Մինսկի նկատմամբ ու որով Հայաստանը պարծենալ չի կարող: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններին, ապա այստեղ նույնպես Կորոտչենկոն ակնհայտ «խալտուրա» է անում, քանի որ «ՆԱՏՕ-ի շաբաթվա» անցկացումը ոչ մի կերպ չի վնասում ՌԴ-Հայաստան ռազմաքաղաքական համագործակցությանը՝ հաշվի առնելով այն, որ, օրինակ, Երևանն այդպես էլ չմասնակցեց ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ հայտարարելով դրանք ժամանակավրեպ. Երևանը գնաց այս քայլին, քանի որ ցանկանում էր ևս մեկ անգամ ընդգծել իր հավատարմությունը հայ-ռուսական հարաբերությունների բարեկամական ոգուն: Դե իսկ Սիրիա խաղաղապահների ուղարկումն, առհասարակ, շեշտվել է բազմիցս՝ քայլ, որն ուղղակի Կրեմլին հավատարմության երդում էր:

Այսքանից հետո Մոսկվային էլ ի՞նչ ապացույցներ են պետք Փաշինյանի՝ հավատարիմ գործընկեր լինելու հանգամանքն ընդունելու համար: Կորոտչենկոն ասում է, որ եթե իսկապես Հայաստանը ցանկանում է շահել ռուսական ղեկավարության լիակատար վստահությունն,ապա պետք է  փաստացի վերածվի հարավկովկասյան Զիմբաբվեի՝ ոչ մեկի հետ չշփվելով, հարաբերություններ չկառուցելով ու ունեցած՝ առանց այն էլ նվազ ինքնիշխանությունը զոհաբերելով: Սակայն արդյոք սա ե՞լք է: Կորոտչենկոն էլ է հասկանում՝ ոչ, ուստի «կախվում է փրփուրներից» ու փորձում մանիպուլյացիայի դիմել, ինչն, իհարկե, ցավալի է:

Ցավոք, ամեն ինչ հուշում է, որ գների իջեցման մասին կարելի է մոռանալ: Մոսկվան չի պատրաստվում զիջումների գնալ և դա անում է շատ կոնկրետ նպատակով, իսկ թե ինչ նպատակով, պարզից էլ պարզ է, և դրա մասին նույն Կորոտչենկոն ակնարկել է  իր հարցազրույցում. փորձում են Փաշինյանի ներքաղաքական ապագան անքակտելիորեն շաղկապել բացառապես նրա ու Կրեմլի միջև ձևավորված հարաբերությունների հետ՝ շահարկելով գազի գնի ու ՀՀ տնտեսական աճի միջև առկա կապի հանգամանքը, զգուշացնելով Փաշինյանին այն մերքաղաքական վտանգների մասին, որոնք կարող են ծագել խոստացված տնտեսական հեղափոխությունը ձախողելու պարագայում՝ սցենար, որը չեղարկելու համար Կորոտչենկոն հանդես է գալիս համապատասխան առաջարկություններով՝ ուղղված Փաշինյանին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.