Դավիթ Տոնոյանն՝ Ադրբեջանի թիրախում. մեծ դավադրություն

Արձագանքելով Դավիթ Տոնոյանի՝ Mediamax-ին տված հարցազույցին՝  Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դյարգախլըն հայտարարել է՝ այն չի ենթարկվում որևէ տրամաբանության և ոչ նորմալ մտածողությամբ մարդու զառանցանք է հիշեցնում:

«Հայկական իշխանությունները ներկայացնող այս մարդը ելույթ է ունենում միջազգային ահաբեկիչների ոճով՝ խաղաղ բնակչության հասցեին բարձրաձայնելով բացահայտ սպառնալից հայտարարություններ»,-տրտնջացել է Վագիֆ Դյարգախլըն՝ հավելելով՝ Հայաստանի պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունները «վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ ուղղված և Տոնոյանի ապագա քաղաքական կարիերայի համար հաշվարկված խորամանկ ծրագրի մի մասն են»:

Ադրբեջանի նմանօրինակ ռեակցիայի պատճառ է դարձել Տոնոյանի խոստումը՝ սադրանքի դեպքում Բաքվին պատժելու մասին:

Այսպես՝ Mediamax-ի հետ խոսելով գրոհային ստորաբաժանումների  մասին՝ Տոնոյանն ասել էր.« Դրանք հատուկ գործողություններ իրականացնող ստորաբաժանումներն են, որոնք անհրաժեշտության դեպքում մեզ հնարավորություն կտան գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք: Սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում»: Հարցին՝ ոչ համաչափ պատասխա՞ն ենք տալու, Տոնոյանը պատասխանել էր, որ սանձելու ենք հակառակորդին, որպեսզի հաջորդ անգամ նման քայլերի չդիմի:

«Խոսքը ոչ ստանդարտ քայլերի մասին է: Անհրաժեշտության դեպքում մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում. ոչ միայն A կետում հանդիպելով սադրանքի՝ մեր Զինված ուժերը կարող են հարված հասցնել B կետում,այլև C, D, E կետերում»,- փակագծեր էր բացել Տոնոյանը:

Ադրբեջանն ակնհայտորեն անակնկալի է եկել Տոնոյանի հայտարարությունից, և այս իրավիճակում բաքվին այլ բան չի մացել, քան հոխորտալ ու ինչ-որ ստվերային ծրագրերի մասին բարբաջել:

Ի՞նչ նկատի ունի Վագիֆ Դյարգախլըն, երբ խոսում  է «Տոնոյանի ապագա քաղաքական կարիերայի համար հաշվարկված խորամանկ ծրագրի մասին»: Այդ ի՞նչ ծրագիր է, որը, փաստորեն, միայն Բաքվին է հայտնի, և որի մասին Հայաստանում ուղղակի խոսք չկա: Կա՞ նման պլան, որն իբր փորձում է «բացահայտել» ադրբեջացի պաշտոնյան, թե՞ սա հերթական բարբաջանքն է, որը դուրս է տալիս Բաքուն՝ անզորությունից ու  խուճապից դրդված, փորձելով «պղտոր ջւրում ձւկ որսալ»: Կամ ինչի՞ց ելնելով է ադբեջանցին Տոնոյանի հայտարարությունները համարում «Փաշինյանի իշխանության դեմ ուղղված»: Մի՞թե Փաշինյանի խաղաղասիրական կոչերն ադրբեջանցիներն ընկալել են խեղաթյուրված կերպով՝ մոռանալով վարչապետի այն հայտարաությունը, թե եթե Տոնոյանն այլ բան ասեր, ինքը նրան աշխատանքից կհեռացներ:

Ակնհայտ է, որ Բաքվում խուճապ է, և նրանց հաշվարկները՝ կապված Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետ, չեն իրականանում. հույս ունեին, որ նոր իշխանությունները Բաքվին սիրով զիջումներ կանեին, այնինչ պարզվում է՝ ճիշտ հակառակն է, ու հիմա ադրբեջանցիներին այլ բան չի մնում, քան դավադրությունների տեսությանը դիմել ու բանահյուսել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.