Փաշինյան-Ալիև հանդիպումից արվելիք գլխավոր հետևությունը

 

Մեկնաբանելով Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում իր ու Ալիևի միջև կայացած առաջին հանդիպումը` Փաշինյանը, ռուսական «ТАСС»-ին ի պատասխան, դրականորեն է արտահայտվել` հայտաարելով. «Հանդիպումը նորմալ է անցել»:

Իր հերթին համանախագահներից Ստեփան Վիսկոնտին, Tert.am-ի փոխանցմամբ, Վիեննայում վարչապետ Փաշինյանի պատվիրակության կազմում գտնվող լրագրողների հետ ճեպազրույցում հանդիպումը համարել է երկար, հագեցած, արդյունավետ` հույս հայտնելով` այս ամենը շարունակություն կունենա: Հարցին՝ ե՞րբ կլինի հաջորդ հանդիպումը, համանախագահող երկրի ներկայացուցիչն պատասխանել  է. «Կիմանաք, երբ նախագահն ու վարչապետն ասեն դրա մասին»:

Թե ինչ կարելի է սպասել մոտ 3.5 ժամ տևած այս հանդիպումից մի դեպքում, երբ դրա արդյոնքների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներին տրամադրած տեղեկությունն անչափ սուղ է, դժվար է ասել: Ակնհայտ է, սակայն, որ մեծ տեղաշարժ ակնկալելն այսպես թե այնպես ներկա իրողությունների պարագայում անիրատեսություն կդիտվեր. ոչինչ փաստացի չի փոխվել, ոչինչ նոր տեղի չի ունեցել, և ընդամենը կողմերն են իրենց դիրքորոշումները կարծրացրել. Փաշինյանը պահանջում է հակամարտության կարգավորման հայտնի սկզբունքների հստակեցում, Ալիևն էլ հայտարարում է, որ Արցախն երբեք Ադրբեջանի կազմից դուրս գոյություն ունենալ չի կարող`«ինքնորոշում» տերմինը բնութագրելով բացառապես սեփական շահի տեսանկյունից:

Հանիդպմանը հաջորդած կցկցտուր մեկնաբանություններն, ըստ էության, ոչինչ չեն ասում: Ավելին` դիցուք Վիսկոնտիի խոսքերից կարելի է եզրակացել, որ Մինսկի խումբը հակամարտության ապագան այսուհետ դնում է բացառապես երկրու երկրների առաջնորդների պատասխանատվության տակ` հայտարարելով, որ հանդիպում կլինի այն ժամանակ, երբ կողմերն իրենք այդ մասին կհայտարարեն: Իսկ թե ի՞նչն է ստիպում նույն  Վիսկոնտիին դրականորեն գնահատել հանդիպումն, առանձնապես անհասկանալի է, քանի որ լավատեսություն արտահայտելու հիմքերի մասին որևիցե բան, ըստ էության, հայտնի չէ, իսկ հանդիպումն էլ ակնհայտորեն կիսագաղտնի պայմաններում է ընթացել: Կարելի է ենթադրել, որ նրա խոսքերն ընդամենը հերթապահ բառեր են` ոչինչ չասող ու չպարզաբանող

Բոլոր դեպքերում Հայաստանին այլ բան չի մնում, քան մի կողմից` հզորացնել երկրի զինված ուժերը, մյուս կղմից` է՛լ ավելի հմուտ արտաքին քաղաքականություն վարել` փորձելով տարածաշրջանում շահեր ունեցող երկրներին ցուցանել ստատուս-քվոյի պահպանման անհրաժեշտությունն  ու խնդրի` բացառապես խաղաղ կարգավորման կարևորությունը: Այլ հարց, թե այս ամենով հանդերձ որքանո՞վ կհաջողվի Բաքվին իսկապես զսպել`հաշվի առնելով վերջինիս կողմից սեփական բանակն անհագորեն զինելու մոլուցքը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.