Երևանում աղիքային վարակների գրեթե 25%-ով ակտիվություն է նկատվել, որի 80%-ը երեխաներ են. մասնագետների խորհուրդները

Առողջապահության նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Հռիփսիմե Ապրեսյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեցին հանրապետությունում աղիքային վարակներով և էնտերովիրուսով պայմանավորված իրավիճակը: Ըստ այդմ՝ այս տարվա հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աղիքային վարակների ակտիվություն է նկատվում հատկապես Երևանում: «Աղիքային վարակները հաճախ գրանցվում են 0-10 տարեկան երեխաների մոտ: Այս ամիսների ընթացքում բավական ակտիվացել է դիզինտերիան, որը առավել բնորոշ է սննդային գործոնին: Ունենք ծանր կլինիկական պատկեր և հիվանդների քարտեզագրումը փաստում է, որ հիվանդության որևէ կենտրոնացված դեպքեր չունենք»,-ասաց նա: Լիանա Թորոսյանի խոսքով՝ հիվանդությունը ջրի գործոնով պայմանավորված չէ: «Եթե հիվանդությունը պայմանավորված լիներ ջրային գործոնով, ապա կարճ ժամանակահատվածում կունենայինք հարյուրավոր հիվանդներ: Իսկ մեր քարտեզագրման արդյունքում դեպքերը գրեթե սփռված են Երևան քաղաքում: Համաճարակաբանորեն գրեթե իրար հետ կապ չունեն, բայց հիվանդների կողմից մատնանշվում է սննդային գործոնը»,-ասաց նա: Ինչ վերաբերում է էնտերովիուսներին, ապա Լիանա Թորոսյանը նշեց, որ բոլոր հիվանդանոցներում ակտիվ նմուշառումներ են վերցվում և հայտնաբերվում են եզակի դեպքեր: «Բայց, հիմք ընդունելով աղիքային վարակների սեզոնային բնույթը, կարող ենք ունենալ էնտերովիուս, կարող է՝ ոչ: Ցավոք, պետք է մատնանշել, որ էնտերովիրուսները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում երեխայի մահվան դեպքի պատճառ դարձան, այս վիրուսի դեպքում հիվանդությունը կարող է թեթև ընթացք ունենալ և կայծակնային փոխվել՝ ցավոք, երբեմն ընդհուպ մինչև մահ»,-ասաց նա: ԱՆ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետի խոսքով՝ շոգ պայմանները միշտ էլ նպաստում են բազմաթիվ աղիքային վարակների առաջացմանը: «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Հռիփսիմե Ապրեսյանի խոսքով՝ աղիքային վարակների քանակն այս տարի այս սեզոնին ավելացել է գրեթե 25 տոկոսով, որից 80 տոկոսը երեխաներ են՝ մինչև 18 տարեկան, բայց հիմնականում 0-10 տարեկան: «Հիվանդանոց ընդունված երեխաները հիմնականում ունենում են փորլուծություն, փսխումներ, ջերմության բարձրացում և տենդ: Ծանրությունը պայմանավորող հիմնական ախտանիշը ջրազրկման և օրգանիզմի թունավորման ախտանիշներն են: Հիվանդանոց ընդունման պահին միջին ծանրության են կամ ծանր է գնահատում, երեք օրից հետո արդեն մեծամասնությունը բուժումը շարունակում է տանը՝ սերտ կապ պահպանելով բժշկի հետ»,-ասաց նա: Մասնագետները խորհուրդ են տալիս առավելագույնս զերծ մնալ շոգ եղանակին ժամը 12-ից մինչև 17:00-ն արևի ուղիղ ճառագայթներից: Խորհուրդ են տալիս օգտագործել առատ հեղուկներ՝ ջուր, թան, թեյեր, ոչ շատ քաղցր ու ոչ շատ տաք վիճակում: Բնության գրկում հանգիստ կազմակերպելու ռիսկերից խոսելով՝ Լիանա Թորոսյանը նշեց, որ խուսափեն իրենց հետ վերցնել կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, և օգտագործել մրգեր, բանջարեղեն: Եթե խոտի վրա սավաններ են գցում,չթողնեն սննդամթերքը բաց վիճակում գետնին դրած, քանի որ կրծողներ, ճանճեր, մնացած փոխանցողները կարող են վարակ փոխանցել: Բնության գրկում պատահական վայրերից ջուր խմել պետք չէ, օգտագործել միայն շշալցված ջուր: Արտերկրում հանգիստը կազմակերպելուց առաջ պետք է տեղեկանալ, թե տվյալ երկրում համաճարակային իրավիճակն ինչպիսին են: Բացի այդ Լիանա Թորոսյանը ծնողներին հորդորեց հետամուտ լինել երեխայի առողջ սննդին, խուսափել կրեմայի հրուշակեղենից և լցնովի պաղպաղակից: Վերջում մասնագետները շեշտեցին, որ եթե նկատվում են վարակի մասին հուշող ախտանիշները՝ ինքնաբուժությամբ չզբաղվել:
Մեկնաբանություններ