Անհրաժեշտ է նախ բարձրացնել եղած միջոցների ծախսերի արդյունավետությունը. ԿԳ նախարար

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարարը կարեւորել է Ասիական զարգացման բանկի հետ առկա   համագործակցությունը՝ մատնանշելով նոր ծրագրերի մտադրության մասին: «Միջազգային կառույցների հետ համագործակցությունը մեր առաջնահերթություններից է եւ այդ առումով, ակնկալում եմ, որ կրթության ոլորտում Ասիական զարգացման բանկի հետ մեր համագործակցությունն ավելի կակտիվանա: Միաժամանակ, ցանկանում եմ նշել, որ հաճախ այդ համագործակցությունների շրջանակում հատկացվող դրամաշնորհները, որոնք տրվում են տարբեր կազմակերպությունների կողմից մասնավոր կառույցներին, դպրոցներին կամ այլ ծրագրերին՝ լուրջ ազդեցություն չեն թողնում կրթության, մասնավորապես՝ հանրակրթության վրա: Այս առումով նպատակահարմար է, որ համագործակցությունը եւ ստեղծված արդյունքները  լինեն ավելի շատ ինստիտուցիոնալ»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Շեյն Ռոզենտալին նշել է, որ Ասիական զարգացման բանկն իրականացնում է տարածաշրջանային աջակցության բազմաոլորտ ծրագրեր, որոնք ներառում են նաեւ կրթության համակարգը: Հանդիպման ընթացքում Ռոզենտալը ներկայացրել է բանկի կողմից Հայաստանի դպրոցների հիմնանորոգման ծրագրի առաջնահերթությունները, դպրոցների ընտրության կարգն ու ներկա իրավիճակը: Պարոն Ռոզենտալը տեղեկացրել է, որ բանկի խորհրդատուները ուսումնասիրություններ են իրականացրել Հայաստանում ուսուցիչների վերապատրաստման գործընթացի վերաբերյալ, ինչպես նաեւ անդրադարձ է կատարել նաեւ Հայաստանում հանրակրթության ոլորտի բարեփոխումների անհրաժեշտությանը՝ մասնավորապես կարեւորելով դպրոցների կառավարման խորհուրդների եւ մասնավոր դպրոցների ուղղությամբ իրականացվող քայլերը: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել Շեյն Ռոզենտալին՝ մեր երկրի կրթության ոլորտի մարտահրավերներին ամբողջությամբ տիրապետելու համար՝ մատնանշված հիմնախնդիրներից ընդգծելով Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխման եւ ուսուցիչների վերապատրաստման գործընթացն արմատապես վերափոխելու անհրաժեշտությունը: «Առավել ուրախ էի լսել այս ամենը, քանի որ Դուք ամբողջությամբ պատկերացնում եք մեր կրթության ոլորտը:  Կրթության ազգային ինստիտուտի հետ կապված (ԿԱԻ) բազմաթիվ խնդիրներ ունենք, եւ կարծում ենք, որ այստեղ է հանրակրթության ոլորտի շրջադարձային բարեփոխման բանալին: Մենք ԿԱԻ բարեփոխումների հետ կապված շատ լուրջ լուծումներ եւ ծրագրեր ունենք, ընդ որում արդեն ունենք թիմ, որը  կոնկրետ զբաղվում է այս խնդրով: ԿԱԻ-ին շատ ծանր եւ դժվար առաջ գնացող մարմին է, մինչդեռ  կրթությունն աշխարհում շատ արագ է փոխվում՝ հատկապես հանրակրթությունը եւ մենք չենք հասցնում արագ արձագանքել այդ փոփոխություններին»,-շեշտել է Արայիկ Հարությունյանը: Դպրոցների կառավարման խորհուրդների բարեփոխման  վերաբերյալ՝ ԿԳ նախարարը նշել է դրանց ապաքաղաքականացման անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ նախկինում կրթության համակարգը եւ դպրոցների տնօրեններից շատերը ծառայում էին իշխանությունների վերարտադրողականության ապահովմանը, որը շատ բացասական էր ազդում կրթության որակի վրա: Ինչ վերաբերվում է մասնավոր դպրոցներին, Արայիկ Հարությունյանի նշել է, որ թեպետ այնտեղ բավականին դրական փորձ է կուտակվել, սակայն մասնավոր դպրոցների զարգացումը մեծ ազդեցություն չի կարող ունենալ ընդհանուր հանրակրթության ոլորտի վրա, քանի որ հանրակրթության մեջ մեծ ներդրումը՝ առաջին հերթին պետք է կատարի պետությունը: Անդրադառնալով պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորմանը՝ ԿԳ նախարարը շեշտել է, որ անհրաժեշտ է նախ բարձրացնել եղած միջոցների ծախսերի  արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համագործակցությանը վերաբերվող մի շարք հարցեր:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.