Արտակարգ դեպք Դիլիջանի թունելում. Toyota Corolla-ն վերածվել է մոխրակույտի. երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է

Shamshyan.com-ը հայտնում է Այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի թունելում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Հրշեջները թունելի անվտանգության աշխատակիցների և քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, սակայն չեն կարողացել մարել Տավուշի մարզի Ջուջևան գյուղի բնակիչ՝ 53-ամյա Գառնիկ Բաբաջանյանին պատկանող Toyota Corolla մակնիշի 19 ՏՕ 760 համարանիշի ավտոմեքենայում առաջացած խոշոր հրդեհը։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Նշված հատվածում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ երթեկությունը ժամանակավորապես դադարեցրել են, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան աշխատել։ Հրդեհը մարելուց հետո ավտոմեքենան դորրս է բերվել թունելից և տեղափոխվել անվտանգ վայր։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.