20 տարի անց ռոբոտները կկարողանան կատարել մարդու աշխատանքի մեծ մասը. Բիլ Գեյթս

Արհեստական բանականություն01:16 | նոյեմբերի 3, 202620 տարի անց ռոբոտները կկարողանան կատարել մարդու աշխատանքի մեծ մասը. Բիլ Գեյթս
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Դեռ վերջերս մեքենաները չէին կարող մարդուց խլել ամբողջ աշխատանքը։ Սակայն Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ մոտ ապագայում արհեստական բանականությամբ ռոբոտները կփոխեն դա։
The Verge-ի Decoder փոդքասթին տված հարցազրույցում Բիլ Գեյթսը հայտարարել է, որ մոտ ապագայում ռոբոտները կկարողանան կատարել բազմաթիվ առաջադրանքներ, որոնց համար այժմ մարդկային աշխատանք է պահանջվում՝ տներ կառուցել, սնունդ աճեցնել և վիրահատություններ կատարել։
Գեյթսի գնահատմամբ՝ դա տեղի կունենա արդեն մոտ 20 տարի անց, եթե արհեստական բանականության զարգացումը չդանդաղի։ Ընդ որում՝ ռոբոտների աշխատանքը կլինի ավելի էժան ու արդյունավետ, իսկ ապրանքների մեծ մասի արտադրության և ծառայությունների մատուցման համար մարդկային աշխատանքն այլևս անհրաժեշտ չի լինի։
Գեյթսն ակնկալում է, որ դա կարող է հանգեցնել ապրանքների գների նվազման, բժշկական օգնության որակի բարելավման և պակասուրդի կրճատման։ Սակայն նման անցումը կարող է ցավոտ լինել այն աշխատողների համար, որոնց հմտությունների պահանջարկը կնվազի։
«Սպիտակ օձիքավորների» աշխատանքի որոշ ոլորտներում դա հնարավոր կլինի զգալ արդեն մոտ ապագայում։ Արհեստական բանականությունը կկարողանա, օրինակ, հեռախոսով ինչ-որ բան վաճառել, հաճախորդներին սպասարկել և հաշվապահական հաշվառում վարել, հաղորդում է Naked Science-ը։ Ընդ որում՝ տեխնոլոգիան կկարողանա այդ առաջադրանքները կատարել շատ ավելի էժան, արագ ու ճշգրիտ։ Եվ Գեյթսն ակնկալում է, որ երբ արհեստական բանականությունը հասնի մարդկայինը գերազանցող բանականության մակարդակի, «սպիտակ օձիքավորների» պակասը կվերանա։
Մարդակերպ ռոբոտներն իրենց հերթին կկարողանան նույնպիսի ճնշում գործադրել ֆիզիկական աշխատանքի վրա, ներառյալ՝ շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում։ Ռոբոտատեխնիկայի ոլորտում ներդրումներն աճում են, հատկապես՝ Չինաստանում։ Գեյթսի կարծիքով՝ դա վկայում է, որ միանգամայն իրատեսական է ստեղծել մեքենաներ, որոնք ունակ կլինեն ցածր ծախսերով ֆիզիկական աշխատանք կատարել։
Միաժամանակ Գեյթսը չի պնդում, որ ավտոմատացումը միայն բացասական հետևանքներ կունենա։ Ռոբոտները կկարողանան ավելի էժան բնակարաններ կառուցել, իսկ արհեստական բանականությունը կօգնի հիվանդությունների բուժման մեթոդների մշակմանը։ Այո՛, տեխնոլոգիաները կարող են բարձրացնել կենսամակարդակը և հիմնական ծառայություններն ավելի հասանելի դարձնել։ Սակայն հարց է առաջանում, թե ինչպես են բաշխվելու օգուտները, մինչ առկա աշխատատեղերը վերանում կամ փոխվում են։
Գեյթսը պարզաբանել է, որ իրեն մտահոգում է անցումային շրջանը, որի ընթացքում կլինեն հաղթողներ և պարտվողներ։ Այդ ընթացքում կարող են բազմաթիվ ցնցումներ տեղի ունենալ։
Աշխատանքը մարդուն ոչ միայն աշխատավարձ է տալիս։ Այն նպատակ ունենալու զգացում է հաղորդում, ազդում է կյանքի առօրյա ռիթմի և գործընկերների հետ հարաբերությունների վրա։ Եթե մեքենաները կստանձնեն մտավոր և ֆիզիկական աշխատանքի ավելի ու ավելի մեծ մասը, հասարակությունը ստիպված կլինի լուծել զբաղվածությանը, եկամուտներին և կյանքի իմաստի որոնմանն առնչվող բարդ հարցեր։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Արհեստական բանականությունԱշխատանքՌոբոտատեխնիկա
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
