1730 առաջադրանք մեկ օրում․ Չինաստանում ստուգել են՝ արդյոք ռոբոտները կարող են փոխարինել խանութի աշխատակիցներին

Արհեստական բանականություն06:52 | նոյեմբերի 9, 20261730 առաջադրանք մեկ օրում․ Չինաստանում ստուգել են՝ արդյոք ռոբոտները կարող են փոխարինել խանութի աշխատակիցներին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Վեց մարդանման ռոբոտներից չորսը հաջողությամբ անցել են Շանհայի խանութներից մեկում 24-ժամյա աշխատանքի փորձարկումը, հայտնում է Interesting Engineering-ը։
Չինական AGIBOT ընկերության փորձը ցույց է տվել, որ մեքենաներն արդեն կարող են կատարել առօրյա առաջադրանքների լայն շրջանակ, սակայն անկանխատեսելի իրավիճակներում դեռևս դժվարությունների են հանդիպում։
«Ռոբոտները երբեք չեն ավարտում հերթափոխը» անվանումով փորձարկումն անցկացվել է նոյեմբերի 2-ի ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 3-ի ժամը 10:00-ն՝ Շանհայի Սյուհույ շրջանում գործող թաղային խանութում։ Անիվներով տեղաշարժվող վեց G2 մարդանման ռոբոտները սպասարկել են գնորդներին, սուրճ պատրաստել, սնունդ մատուցել, ստուգել դարակները, համալրել ապրանքների պաշարները և մաքրել սեղանները։ Փորձի հեռարձակումը առցանց հարթակներում հավաքել է ավելի քան երկու միլիոն դիտում։
AGIBOT-ի տվյալներով, փորձարկման ընթացքում ռոբոտներն ընդհանուր առմամբ կատարել են 1730 առաջադրանք։ Դրանց թվում են գնորդների հետ 683 փոխգործակցություն, ապրանքների հավաքման և առաքման 369 գործողություն, սուրճի 147 պատվեր և նախաճաշի 126 չափաբաժին։ Բացի այդ, մեքենաները կատարել են դարակների ստուգման և պաշարների համալրման 277 գործողություն, ինչպես նաև սեղանների մաքրման 128 գործողություն։
Փորձարկումն ընդգրկել է խանութի աշխատանքի չորս ժամանակահատված՝ ճաշի ժամին այցելուների ներհոսքը, երեկոյան պիկը, գիշերային ժամերը և առավոտյան նախաճաշի պահանջարկը։ Սա թույլ է տվել ստուգել մեքենաների աշխատանքը գնորդների հոսքի տարբեր ինտենսիվության և փոփոխվող պայմանների դեպքում։
Սակայն երկու մեքենա չեն հաղթահարել վերջնական գնահատումը։ Մաքրության համար պատասխանատու ռոբոտի ճանապարհին հայտնվել է լեփ-լեցուն աղբաման, որը փակել է նախատեսված երթուղին։ Խոչընդոտը վերացնելու կամ լուծում գտնելու փոխարեն այն շեղվել է երթուղուց, դուրս եկել խանութից և չի վերադարձել սկզբնական դիրք։
Մյուս ռոբոտը, որը զբաղվում էր դարակների ստուգմամբ և ապրանքների պաշարների համալրմամբ, չի կարողացել կայուն կերպով բավարարել խանութի պահանջները։ Ըստ TechSpot-ի, չինական ITHome պարբերականին հղումով, մեքենան ապրանքների վաճառքին զուգընթաց բավարար ինքնուրույնությամբ չի հայտնաբերել պաշարների համալրման անհրաժեշտությունը։
Կազմակերպիչները նաև ստուգել են ռոբոտների՝ սովորական Coca-Cola-ն առանց շաքարի ըմպելիքից տարբերելու, տեղաշարժված մաստակի փաթեթներն իրենց տեղը վերադարձնելու և անցուղիներում խոչընդոտները շրջանցելու կարողությունը։
Գնահատման ժամանակ հաշվի են առնվել աշխատանքի տևողությունը, առաջադրանքների կատարումը, գնորդների արձագանքները, արձագանքման արագությունը և անսպասելի իրավիճակները հաղթահարելու կարողությունը։ Չորս ռոբոտ անցել է փորձարկումը, իսկ երկուսն ուղարկվել են հետագա դիտարկման և կատարելագործման։
Փորձի ընթացքում AGIBOT-ը նաև ցուցադրել է Genie Master արհեստական բանականության համակարգը, որը նախատեսված է առաջադրանքների պլանավորման, դրանց կատարման կառավարման և արդյունքների վերլուծության համար։
Ընկերության հայտարարության համաձայն, համակարգը թույլ է տալիս օգտագործել ռոբոտների հաջող և անհաջող փորձը՝ խնդիրները բացահայտելու և նրանց ուսուցումը կատարելագործելու համար։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Արհեստական բանականությունՌոբոտատեխնիկաTech
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
