Իսրայելական քաղաքների վրա Իրանի հարվածների հետևանքով կա 8 զոհ, 240 վիրավոր

photo-2025-06-15-04-57-44-1749976520872-770x_

Իսրայելի վրա Իրանի կողմից մի քանի հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 240-ը: Հայֆա, Թեմրա և Բաթ Յամ քաղաքներում, որտեղ հարված է հասցվել բարձրահարկ շենքի, անհետ կորել է 35 բնակիչ, հաղորդում է իսրայելական Ynet պորտալը՝ հղում անելով ազգային շտապօգնության ծառայությանը:

Բամ Յամի վրա Իրանի կողմից հասցված հարվածի հետևանքով բազմահարկ բնակելի շենքը լուրջ վնասվել է, դրա մի մասը փլուզվել է: Շտապօգնության ծառայության վերջին տվյալների համաձայն՝ Բատ Յամում և հարևան Ռեհովոտ քաղաքում վիրավորվել է 137 մարդ:

Չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա, զոհվել է։ Սակայն, թերթը պարզաբանում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ արտակարգ ծառայությունները որոնում են փլատակների տակ գտնվող մարդկանց։ Թեմրայի վրա հարվածի հետևանքով զոհվել է ևս չորս մարդ։ Առնվազն 14 մարդ վիրավորվել է։

Իրանի հարձակումը պատասխան էր Իսրայելի «Առյուծների ազգ» գործողությանը, որը սկսվել էր հունիսի 13-ին: Ավելի ուշ Իսրայելը նոր հրթիռային հարվածներ է հասցրել՝ վնասելով Թեհրանում գտնվող երկու նավթի պահեստարան և հրդեհելով այդ օբյեկտները:

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնացել է հարվածել «այաթոլլահի ռեժիմի բոլոր օբյեկտներին և թիրախներին»։ The Wall Street Journal-ը գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Նեթանյահուին չմիջամտել Իրանի դեմ հարվածներին։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը պնդում է, որ Միացյալ Նահանգները չեն մասնակցել Թեհրանի դեմ հարձակմանը։