Բժիշկը զգուշացրել է սրբիչը սխալ օգտագործելու վտանգի մասին

Սնկային և որոշ մանրէային վարակներ կարող են փոխանցվել սրբիչների միջոցով, ասել է շտապ օգնության բաժանմունքի ընդհանուր բժիշկ Հուսեյն Ահմադը:
Նա Metro-ին տված հարցազրույցում զգուշացրել է սրբիչներ համատեղ օգտագործելու վտանգի մասին:
Ահմադը նշել է, որ վարակի ռիսկը մեծանում է, եթե սրբիչը չի չորացվում: Նրա խոսքով, այս դեպքում գործվածքում ստեղծվում է տաք և խոնավ միջավայր, որը իդեալական է բոլոր տեսակի մանրէների բազմացման համար:
Նա պարզաբանել է, որ զույգերի համար ամենամեծ վտանգը սնկային վարակներն են, մաշկային հիվանդությունները, ինչպիսիք են իմպետիգոն և ֆոլիկուլիտը, ինչպես նաև հերպեսը կամ գորտնուկները: «Սնկային վարակները մատների միջև կամ աճուկի հատվածում հաճախ են հանդիպում համատեղ սրբիչներ օգտագործելիս», – ասել է բժիշկը:
Մասնագետն ընդգծել է, որ եթե երկու զուգընկերներն էլ ընդհանուր առմամբ առողջ են, ապա համատեղ սրբիչներ օգտագործելիս որևէ վարակի առաջացման ռիսկը չնչին է: Գլխավորը ստանդարտ կանոններին հետևելն է՝ սրբիչները լվանալը և յուրաքանչյուր օգտագործումից հետո լավ չորացնելը: