Նիկոլ Փաշինյանն ուլտիմատում ներկայացրեց քաղաքական դաշտին

Հայաստանի ներքաղաքական կյանքը սկսում է ոչ միայն թեժանալ, այլև դառնում է բավական պայթյունավտանգ: Նիկոլ Փաշինյանն, արձագանքելով  ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխության փորձերին, այն գնահատել է՝ հակահեղափոխական դրսևորում` ԱԺ-ում: «ՀՀԿ-ն և, կարծես թե, ոչ միայն ՀՀԿ-ն ցույց են տվել, որ իրենք ճիշտ չեն գնահատում ՀՀ-ում հաստատված ներքաղաքական իրավիճակը։ Այս հարցով իմ կողմից կլինի քաղաքական հայտարարություն»-լրագրողներին ասել է Փաշինյանը՝ վստահեցնելով, որ բոլոր դեպքերում 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Ցանկացած պատգամավոր, ով հայտարարում է, որ ինքը պաշտպանում է այդ նախագիծը, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նա հակահեղափոխականության ներկայացուցիչ է, որը ցանկանում է, որ կոռուպցիոն համակարգը հասնի ռևանշի իշխանության նկատմամաբ, և մենք դա թույլ չենք տա»,-հայտարարել է Փաշինյանը: Իսկ ահա ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բադասարյանն էլ, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, հայտարարել է, որ ՀՀԿ-ն չի պատրստվում դեկտեմբերին գնալ խորհրդարանական ընտրությունների: Այսպիսով՝ հարկ է արձանագրել, որ Փաշինյանի հայտարարած բանակցությունները, որոնք պետք է անցկացվեին բոլոր քաղաքական ուժերի հետ, փաստացի ավարտված պետք է համարել. Փաշինյանի՝ հակահեղափոխականության մասին արած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան դաշտը մեկընդմիշտ սևերի ու սպիտակների բաժանելուն միտված քայլ, հարված, որի թիրախում է հայտնվում ոչ միայն ՀՀԿ-ն, այլև բոլոր այն ուժերը, որոնք, պայմանավորված օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներով, դեմ են հանդես գալիս դեկտեմբերյան արտահերթ ընտություններին: Ուշագրավն այստեղ հատկապես այն է, որ  Փաշինյանը, փաստորեն, չի էլ փորձում քննարկման առարկա դարձնել օպոնենտների հակափաստարկներն ու հարցը դնում է շատ կտրուկ ձևով՝ այլընտրանք չթողնելով քաղաքական մյուս ուժերին, ինչն, անկասկած, արդյունք է նախևառաջ Երևանում կայացած ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի գրանցած շռնդալից արդյունքի: Իրականում Փաշինյանի կտրուկ քայլն ու դիրքորոշումն առավել քան հասկանլի է. հեղափոխական իշխանությունները խնդիր ունեն նախևառաջ բնակչությանը ցույց տալու, որ ոչ մի կերպ չեն պատրաստվում պայմանավորվածություների հասնել ՀՀԿ-ի հետ ու հանդուրժել նախկին իշխանությունների գոյությունն ԱԺ-ում: Հնարավոր է՝ իշխանությունները մտավախություն ունեն, որ ՀՀԿ-ին ընդառաջ գնալը բնակչության շրջանում կարող է ոչ միանշանակորեն ընկալվել ու ազդել հեղափոխության վարկանիշի վրա՝ առաջին հերթին, իսկ դա որևիցե կերպ չի կարող տեղավորվել իշխանությունների քաղաքական շահերի շրջանակներում. երկաթը տաք-տաք են ծեծում ու ողջ ուժով: Հայաստանում ներքաղաքական քաոսի առաջացման հավանականությունը այժմ մեծանում է ու հայտնի չէ, թե վտանգավոր պրոցեսն ինչ հունով կարղ է զարգանալ ու ինչին կարող է հանգել: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.