Բաժին : Քաղաքականություն
ՀՀԿ-ն չի պատրաստվում դեկտեմբերին գնալ խորհրդարանական ընտրությունների․ Վահրամ Բաղդասարյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել ենք, քննարկել ենք. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով իր և վարչապետի հանդիպմանը։ Սակայն նա այլ մանրամասներ չներկայացրեց։
Ինչ վերաբերում է ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությանը, որն էլ վարչապետ Փաշինյանը հակահեղափոխություն է համարում, Բաղդասարյանն ասաց, որ վաղը քվեարկման ենթակա նախագիծը հետ կանչելու հարց չի քննարկվել նախագիծ համահեղինակ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ։ Սակայն նա վստահեցրեց, որ իրենք այս օրինագծով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեջ սեպ խրելու նպատակ չեն ունեցել։
«Տեղյակ եմ եղել օրինագիծից, սակայն որևէ դեպքում, երբ լինում է քաղաքական համաձայնություն, սեպ խրելու նպատակ չի ունենում։ Սահմանադրականությունն ենք ամրապնդում, որպեսզի ճնշումներ չլինեն, քանի որ մենք ցանկանում ենք, որ նորմալ ձևով ձևավորվի քաղաքական դաշտ, և մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների»,- շարունակեց Բաղդասարյանը։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց՝ սահմանադրական ճանապարհով ցանկացած տիպի ընտրության կողմնակից են։ Հարցին՝ դեկտեմբերին պատրաստ չե՞ն գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, նա կարճ պատասխան տվեց․« Ո՛չ»։