ՀՀԿ-ն և նրա աջակիցներն ԱԺ-ում ողջ ներուժով փորձում են ձախողել արտահերթ ընտրությունները և հակահեղափոխական օրակարգ ձևավորել. Լ. Նազարյան

«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ «Աժ կանոնակարգ-օրենքի» 50-րդ հոդվածում ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի և «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի առաջարկությամբ լրացում կատարելու առաջարկին: «Այդ առաջարկով ի ցույց են դնում ՀՀԿ-ի և նրան աջակցողների վախերը խորհրդարանական սպասվող արտահերթ ընտրություններից»,-հայտարարեց Նազարյանը: Խմբակցության ղեկավարը նշեց, թե ինչ քաղաքական նպատակի համար է արվում այս լրացումը: «Գործող Սահմանադրությամբ վարչապետի հրաժարականի պարագայում 7 օրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները կարող են առաջադրել թեկնածուներ: Եթե վարչապետ չի ընտրվում, չկան առաջադրումներ, կամ առաջադրվածն անհրաժեշտ քանակով ձայներ չի հավաքում, ապա 7 օր անց կրկին վարչապետի նոր ընտրություններ են անցկացվում, և եթե նորից չի լինում, ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով: Հիմա, եթե վարչապետի ընտրություն տեղի չի ունեցել, Սահմանադրությունում խոսք չկա այն մասին, թե ինչ հիմքերով տեղի չի ունեցել, և հիմա նախագիծ է ներկայացվում, որ այսպես ասած՝ հիմքերի դեպքում վարչապետի չընտրվելու նիստը համարեն չկայացած»,-ասաց նա: Լենա Նազարյանի խոսքով՝ ներկայացնում են, որ եթե արտակարգ իրավիճակներ լինեն, կամ սպառնալիքի միջոցով խոչընդոտեն նիստին պատգամավորների մասնակցությունը, ապա ԱԺ նախագահը կարող է հայտարարել, որ այդ նիստն ընդհատված է և հայտարարել որպես չկայացված նիստ: «Հիմա ինչո՞ւ է արվում, որտե՞ղ է ՀՀԿ-ի վախը. եթե հանկարծ վարչապետի հրաժարականի դեպքում քաղաքացիները որոշեն և հավաքվեն ԱԺ-ի մոտ և թույլ չտան, որ պատգամավորները մասնակցեն նոր վարչապետ ընտրելու նիստին, այդ նիստը չհամարվի չկայացած, քանի որ երկու անգամ շարունակ չկայացած լինելու դեպքում ԱԺ-ն կլուծարվի: Ահա այսպիսի մեխանիզմների մշակմամբ է զբաղված ՀՀԿ-ն ԱԺ-ում: Եվ աբսուրդն այն է, որ ամբողջ պառլամենտի ներուժը օգտագործվում է արտահերթ ընտրությունները ձախողելու և ու հակահեղափոխական օրակարգ ձևավորելու համար, ուրիշ այլ օրակարգ այս հսկայական բյուջետային կառույցը չի իրականացնում»,-ասաց նա: Խմբակցության ղեկավարի խոսքով՝ արտահերթ ընտրություններ մայիսին չեղան միայն այն պատճառով, որպեսզի քաղաքական ուժերը հնարավորություն ունենան վերանայել իրենց քաղաքական գիծը, դրա արդյունքում մի քիչ հանրային աջակցություն ձեռք բերել: «Փոխարենը՝ կուտակված ամբարտավանությունը, հանդգնությունը և մեծամտությունը թույլ չեն տալիս ոմանց խոհեմություն դրսևորել, որոշ դեպքերում ափսոսանք գտնել և եթե չէ, ապա գոնե ուժ գտնել լռել և չհակադարձել քաղաքացիների կամքին: Նման վարքագիծը և գործունեությունը կարելի է որակել որպես իրենց մանդատներից կառչած խղճուկ փորձ»,-եզրափակեց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.