fbpx
/// Փաշինյանը պետք է շտապի. հետո կարող է ուշ լինել

Փաշինյանը պետք է շտապի. հետո կարող է ուշ լինել

Երբ Հայաստանում հեղափոխությունը նոր էր հաղթանակել, հնչող կարծիքներն այն մասին, թե որն է ավելի նպատակահարմար՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արագ անցկացո՞ւմը, թե՞ սպասելը  հաջորդ տարվան, բավական տարբեր էին.  դեմ և կողմ հանդես եկողները, յուրաքանչյուրն իրենց փաստարկներով, փորձում էին ապացուցել հենց սեփական տեսակետի ճշմարտացիությունը:

Ինչպես կյանքը ցույց տվեց, այնուամենայնիվ, ճիշտ էին նրանք, ովքեր հանդես էին գալիս արտահերթ ընտրությունների արագ անցկացման օգտին. սույն փաստը հաստատում է Փաշինյանի՝ օգոստոսի 17-ի բազմամարդ հանրահավաքում հնչեցրած ելույթը:

Վարչապետը Հանրապետության հրապարակում հայտարարեց սահմանադրական փոփոխութոյւններ նախաձեռնելու մասին: «Մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետևյալը. արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին: Դա տեղի կունենա այն դեպքում, երբ դուք՝ ՀՀ քաղաքացիներդ, դա ձևակերպեք՝ որպես ձեր կողմից հստակ պահանջ։ Երբ որ դա ձևակերպեք, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում։ Ես հանրապետականներին խորհուրդ եմ տվել սատանի մայլում քյանդրբազություն չանել»,- հրապարակում հավաքվածներին ասել էր Փաշինյանը ։

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն, այժմ առավել քան երբևէ, սահմանդրականացման կարիք ունի: Եվ հարցն այստեղ միայն հակահեղափոխականությունը կամ գահընկեց եղածների ռևանշիստական հակումները չեն, այլև այն արտաքին մարտահրավերների լրջությունը, որոնց այսօր, պայմանավորված միանգամայն  օբյեկտիվ հանգամանքներով, Հայաստանը ստիպված է լինում բախվբել. որքան արագ հաղթահարվի անցումային փուլն, այնքան  արագորեն հայկական պետականությանը կհաջողվի վերադառալ բնականոն զարգացման հուն՝ է՛լ ավելի ամրապնդված, է՛լ ավելի անխոցելի դարձած:

Հարց է առաջանում, սակայն, թե ունի՞, արդյոք, Փաշինյանը կամ հեղափոխությունն անհանգստանալու իրական պատճառ՝ հատկապես պայմանավորված հակահեղափոխության ռևանշի  հավանկանությամբ նույնիսկ այն պարագայում, երբ հասարակությունն, ըստ էության, ամբողջությամբ ու անվերապահորեն աջակցում է հեղափոխությանը: Անշո՛ւշտ, քանի որ ներկայիս Սահմանադրությունը տալիս է հակահեղափոխությանն իրական շանսեր՝ միանգամայն սահմանադրական ճանապարհով հեղաշրջում իրականացնելու համար և ահա թե ինչպես:

Բանն այն է, որ Սահմանադրությամբ սահմանված է՝ խորահրդարանը չի կարող առնվազը մեկ տարվա ընթացքում վարչապետին անվստահություն հայտնել, վարչապետն էլ, իր հերթին, որևիցե կերպ չի կարող ցրել խորհրդարանը, քանի որ նման լիազորություններ նրան վերապահված չեն: Այսինքն՝ ներկայիս խորհրդարանը, որն ակնհայտորեն չի արտացոլում ժողովրդի կամքը, մեկ տարի հետո կարող է անվստահություն հայտել վարչապետ Փաշինյանին, եթե վերջինիս դեմ միավորվեն ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն, որոնք, ինչպես հայտնի է, այժմ միավորվել են Քոչարյանի շուրջ. այս երկու ուժերը միասին կազմում են մեծամասնություն ԱԺ-ում, հետևաբար՝ ցանկության պարագայում կարող են ոչ միայն Փաշինյանին զրկել վարչապետական լիազորություններից, այլև նույն Քոչարյանին դարձնել վարչապետ: Իսկ սա նշանակում է, որ ընտրությունների հետաձգումն ուղղակիորեն վտանգի տակ է դնում հեղափոխության ձեռքբերումներն, ու եթե առնվազը մինչև այս տարվա ավարտը չանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա ինչպես Փաշինյանի, այնպես էլ հեղափոխության ճակատագիրը կարող է անհայտ դառնալ. ամեն բան կարող է հօդս ցնդել:

Հետևաբար՝ Փաշինյանին այլ ելք չի մնում, քան հանրաքվեի, ժողովրդի ուղղղ մասնակցության միջոցով փոփոխություններ մտցնելն է Սահմանադրության մեջ ու ԱԺ-ին ինքնալուծարվելու գործառույթով օժտելը, որից հետո առնվազը տեսականորեն հնարավոր կդառնա արտահերթ ընտրությունների արագ անցկացումը:

Բոլոր դեպքերում կասկածից վեր է, որ նախորդ համակարգն իր դիրքերն առանց վճռական ճակատամարտի չի զիջելու ու ոչ միայն ձգտելու է  առնվազը պահպանել ներկայիս առավելություններն, այլև հասնելու ռևանշի: Առանցքը կարծես այլևս ձևավորված է:

Norlur.am

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-08-18T19:46:27+00:00 Օգոստոսի 18 19:46|Մեկնաբանություն|0 Comments
//
//